Ես կներկայանամ՝ որպես հին և նոր Ազնավուր. նա մեծ համերգաշրջան է սկսել
Շառլ Ազնավուրը մեծ համերգաշրջան է սկսել, որի շրջանակում կլինի շուրջ 50 քաղաքներում. այսօր նա ռուսաստանյան իր համերգների մասին ասուլիս է տվել, որին ներկա է եղել նաև «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն»-ի Մոսկվայի թղթակիցը։
«Ես գիտեմ, որ միայն հին երգերով համերգին ներկայանալը ճիշտ չէ, ես շարունակում եմ ստեղծագործել և իմ նոր երգերը կներկայացնեմ ռուսաստանյան իմ հանդիսատեսին։ Բայց նաև գիտեմ, որ իմ հին երգերը լսել ցանկացողներն էլ շատ են։ Այնպես որ կներկայանամ՝ որպես հին և նոր Ազնավուր»,- ասել է նա։
Աշխարհահռչակ շանսոնյեն չի փորձել ներկայանալ առավել երիտասարդ՝ նա ներկայացրել է իր հավերժ երիտասարդ արվեստը, և խոսել դիվանագիտության մասին, որին նույնպես վերաբերվում է՝ որպես արվեստ։
«Ինձ համար շատ հեշտ առաքելություն է [Հայաստանի դեսպան լինելը]. Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները լավ են, այնպես որ ես քիչ անելիք ունեմ. եթե Աստված մի արասցե, հարաբերությունները լարվեն, ես իմ տեղը կզիջեմ պրոֆեսիոնալներին, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա։
Նա ասուլիսին կրկին խոսել է իր հայկական արմատների մասին, ասել, որ իր պատմական հայրենիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի։
Ազնավուրն իր դժգոհությունն է հայտնել առաջին համերգի համար տրամադրված բեմից։ Նա նաև նշել է, որ նախապես է պայմանավորվել, որ իր երգերը չպիտի ենթարկվեն գրաքննության։ Այնպես որ այժմ ինքն է կազմում իր երգացանկը, հանդիսատեսին ներկայանում իր կարևորած երգերով։










