Հունգարիան Սթիվ Ջոբսը կանմահացնի բրոնզաձուլ արձանով

20:49 • 10.12.11

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կբացվի դեկտեմբերի 21-ին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Հունգարական Graphisoft ընկերությունը կբացի Ջոբսին նվիրված արձանը ի նշան գնահատանքի, քանի որ Ջոբսի աջակցությամբ է, որ դեռ կոմունիստական շրջանում Հունգարիայում հնարավոր եղավ Graphisoft ընկերության կայացումը և զարգացումը:

Արձանը կերտել է քանդակագործ Էռնո Թոթը: Այն պատկերում է Apple-ի հիմնադրին իր ավանդական կերպարով` բրոնզաձույլ Ջոբսի հագին սվիտեր, ջինս, սպորտային կոշիկներ և կլոր ակնոցներ են:
Արձանը 220 կիլոգրամ է կշռում է, իսկ բարձրությունը 2 մետրից ավել է:

Հիշեցնենք, որ ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար, միլիարդատեր Սթիվ Ջոբսը կյանքից հեռացել է հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը` 56 տարեկան հասակում: Մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն էր: