«Ոսկե գլոբուս» մրցանակի ֆավորիտը դարձել է «Արտիստը» համր ֆիլմը (տեսանյութ)
Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան (HFPA) հրապարակել է «Ոսկե գլոբուս» մրցանակների հավակնորդներին:
Այս տարվա ֆավորիտը ֆրանսիացի ռեժիսոր Միշել Հազանավիչուսի (Michel Hazanavicius) «The Artist» ֆիլմն է, որը մրցանակի է հավակնում միանգամից 6 անվանակարգերում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ֆիլմը հեքիաթ է, որտեղ նկարագրված են 1920-ական թվականների Հոլիվուդում տեղի ունեցող իրադարձությունները: Համր կինոյի աստղը (Ժան Դյուժարդանը) չկարողանալով իր տեղը գտնել ձայնային ֆիլմերում, ի վերջո որոշում է ինքնասպան լինել, սակայն անհայտ մի աղջիկ (ռեժիսորի կինը`Բերենիս Բերժոն), որին դերասանը ժամանակին պատահաբար նկարահանման էր հրավիրել, դառնում է աստղ և փրկում է նրան:
Կաննի փառատոնի համար ֆիլմը ներկայացվել է Ֆրանսիայի կողմից, և միայն վերջին պահին ներկայանալով արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակին` լավագույն արական դերի համար: Ֆիլմը նաև բազմաթիվ հիացական հետգրությունների է արժանացել:
Ներկայում «Արտիստը» «Օսկարի» հիմնական հավակնորդներից է համարվում: Ի դեպ, Ֆիլմ այս անգամ որպես ամերիկյան նախագիծ է ներկայացվել, քանի որ նկարահանվել է Հոլիվուդում, և լեզվական խոչընդոտներ չկան, որովհետև ամբողջ ֆիլմի ընթացքում որևէ բառ չի խոսվում: Առայժմ «Արտիստը» Նյու Յորքի կինոքննադատների (New York Film Critics Circle) կողմից որպես տարվա լավագույն ֆիլմ է ընտրվել, իսկ անկախ Spirit Awards մրցանակաբաշխությունում ներկայացվել է 5 անվանակարգերում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հիմնական մրցանակներին արժանացավ «Խոսում է թագավորը» ֆիլմը:










