Քաղաքական գործիչները գալիս են օպերա, երբ օպերան վարձակալության է տրվում այլոց. գլխավոր դիրիժոր
Հայաստանում օպերային արվեստը մեծ խնդիրներ ունի՝ թե հանրային կյանքի անբաժան մասը դառնալու, թե ճաշակ թելադրելու առումով։ Այս մասին «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման եթերում նշեց Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը։
Նա նշեց, որ Օպերային թատրոնի շենքը՝ շրջապատված սրճարաններով, երբեմն դժվար է ներկայացնել արտերկրից հյուրընկալված արտիստներին, մանավանդ, երբ հարկ է լինում բացատրել, թե ինչու առաջիկայում ներկայացումներ չեն նախատեսվում։
Ըստ նրա՝ տոմսերի գինը հովանավորների շնորհիվ բավական հեռու է իրական ինքնարժեքից. «Դա խնդիր է. մենք ժողովրդին պետք է ասենք, գիտե՞ք, ժողովուրդ, էս տոմսերն իրականում արժեն 20 հազար դրամ, բայց մենք սա հազար դրամով ենք վաճառում, որ դուք գաք, տեսնեք»,- նշեց նա։
Անհամեմատ ավելի մեծ խնդիր է արտիստների հիասթափությունը։ «Ցավալին այն է, որ մեր լավագույն արտիստները ոչ միայն կարող են գնալ արտերկիր աշխատելու, այլև՝ կարող են հեռանալ այս մասնագիտությունից՝ դառնալ տաքսու վարորդ կամ կահույքագործ։ Իսկ հիասթափված արտիստը՝ որպես մարդ, կարող է մահանալ, որովհետև նա հոգով նվիրյալ է»,- նշեց Դուրգարյանը։
Այս առումով նա կարևորեց պետական աջակցությունը, քանի որ որպես պետական հիմնարկ՝ օպերան այդ աջակցության անմիջական կարիքն ունի։
Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե հեռուստատեսությունն է թելադրում ճաշակ՝ «բռերով տուն լցնելով աստղեր», և դասական երաժշտությունն, ըստ էության, տեղ չունի այստեղ և դեր չունի հանրային կյանքում, Դուրգարյանը հակադարձեց, որ նշված երգողներին ինքն աստղեր չի համարում, իսկ հանրային կյանքում օպերային արվեստի դերի բարձրացման առումով անելիք ունի ամեն ոք։ «Այ դուք, Պետրոս, որ մտավորական եք, և ամեն երեկո ուղիղ եթերում հաղորդում եք վարում, ամեն երեկո կարո՞ղ եք վերջում հայտարարել, թե վաղը Օպերայում այս ներկայացումն է լինելու. ես անկեղծ եմ ասում, չեմ կարող վճարել գովազդի համար, այն էլ ձեր հաղորդման համար։ Դուք անհատապես, կարո՞ղ եք դա անվճար անել, ես խնդրում եմ՝ որպես քաղաքացի, չէ՞ որ ամեն ինչ անհատներից է սկսվում, հետո ընդլայնվում, ընդլայնվում…»։
Շփոթված հաղորդավարը խոստացավ օժանդակել, և Կարեն Դուրգարյանը նշեց, որ առաջիկա երեք ամսվա խաղացանկը վաղը կփոխանցի նրան։ Այսօր, ի դեպ, Օպերայում տեղի կունենա մեծ գալա համերգ՝ գեղեցիկ զուգերգեր, կատարումներ տարբեր ստեղծագործություններից։
«Քաղաքական գործիչները գալիս են օպերա, երբ օպերան վարձակալության է տրվում այլոց»,- պատասխանեց Դուրգարյանը հաղորդավարին, ով նշեց, որ թերևս, օպերա գալը քաղաքական ներկայիս գործիչների համար կարող է լինել «յուրայինների շրջանակից դուրս մնալու» նշան։










