Կիսակառույց շենքերի հիմքերը խարխլվում են, սեյսմիկ առումով դրանք վտանգավոր են դառնում
Մոտ հարյուր տարի առաջ Երևանը երկհարկանի տներով, ծառազարդ քաղաք էր, այդ է վկայում Երևանի պատմության թանգարանի մանրակերտը։ Այս հարյուր տարիներին այն կառուցվող՝ ավելի ու ավելի բարձրահարկ շենքերով, կիսաքանդ ու կիսակառույց շինհրապարակներով և բազմագույն կռունկերով լի քաղաք է. թերևս այսպիսին կլինի հարյուր տարի անց այսօրվա Երևանի մանրակերտը։ Երևանի հավերժ կառուցման խնդրին է անդրադարձել «Ար» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականը։
Ճարտարապետերի միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ խորհրդային ժամանակ էլ կային, այսպես ասած «դալգաստրոյ»-ներ, սակայն դրանք էլ ունեին ժամանակացույց, հանձնման ժամկետներ, և հնարավոր չէր, որ, ինչպես այսօր, տասնյակ տարիներ բանվոր չմտներ այդ շինհրապարակները։
Ըստ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ հողհատկացումներից հետո շինարարության կատրաման ընթացքը հետևողականորեն պիտի վերահսկի քաղաքապետարանն ու համայնքապետարանները։ «Արդյունքում, ունենք շինություններ, որոնք տարիներ շարունակ աղճատում են քաղաքի նկարագիրը և անհարմարություններ ստեղծում քաղաքացիների համար»,- նկատել է պատգամավորը։
Մկրտիչ Մինասյանը հիշեցրել է, որ անավարտ և անբնակ կառույցները խարխլվում են, սեյսմիկ տեսանկյունից դառնում վտանգավոր, իսկ անբարեխիղճ տնտեսվարողից ակնկալել, որ հետագայում կամրացնի քամի ու անձրև տեսած հիմքերը, անհիմն է։










