«Բաբաջանյան ֆեստ»-ի հանդիսավոր փակմանը հանդես կգան հայ էստրադայի կատարողներ

19:30 • 16.12.11

Դեկտեմբերի 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Բաբաջանյան ֆեստ» փառատոնի հանդիսավոր փակման արարողության ընթացքում Հայաստանի երիտասարդական նվագախումբը և հայ էստրադայի կատարողները կներկայացնեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը: Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեցին Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը և համերգի մենակատարներ Հայկոն, Էմմին ու Մարատ Հայրապետյանը: Սերգեյ Սմբատյանի հավաստմամբ` դա ոչ սովորական համերգ կլինի. շքեղ տոնահանդես, որի ժամանակ կմիախառնվեն դասականն ու էստրադան: Համերգով երիտասարդական նվագախումբը նաև տարին կամփոփի` խոստանալով ավելի շքեղ և գեղեցիկ անակնկալներ մատուցել 2012 թվականին: «2012թ. առաջին համերգը կլինի հունվարի 24-ին. հանդիսատեսին կներկայանանք բացառիկ ծրագրով ու այնպիսի ստեղծագործություններով, որոնք դեռ չեն լսվել»,- խոստացավ Սերգեյ Սմբատյանը: Հայկոն, ընդգծելով համերգի կարևորությունը, նշեց, որ սա յուրահատուկ ստուգատես է նաև էստրադային երգիչների համար. «Մենք անընդհատ ասում ենք, որ դասականը պետք է պրոպագանդվի. այսօր պետք է հասկանանք, որ պրոպագանդման կարիք ունի նաև էստրադային երաժշտությունը: Մարդիկ երաժշտական թոհուբոհի մեջ արդեն չեն հասկանում որն է էստրադան , որը` ռաբիսը»,- ասաց երգիչը: Երգչին այնքան է դուր եկել նախագիծը, որ պատրաստվում է հաջորդ տարի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ձայներիզ թողարկել: