«Լուիս Դելյուկ» մրցանակը շնորհվել է Ակի Կաուրիսմյակիին

14:13 • 17.12.11

Ֆրանսիական հեղինակավոր՝ «Լուիս Դելյուկ» մրցանակը, որը հանձնվում է տարվա լավագույն ֆրանսիական ֆիլմին, շնորհվել է ֆին կինոռեժիսոր Ակի Կաուրիսմյակիին՝ Le Havre ֆիլմի համար։ Երեկ երեկոյան կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ժիլ Ժակոբն անձամբ է հանձնել մրցանակը՝ տեղեկացնում է Screen Daily-ն։

Ֆին ռեժիսորի Le Havre ֆիլմն այս տարի մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակին։

«Մենք փոքր ինչ հիասթափված լքեցինք այս տարվա Կաննի կինոփառատոնը, ուստի սա շատ լավ անակնկալ էր»,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Ստեֆան Պարտենայը՝ հավելելով, որ այս տարվա Կաննի մրցութային ծրագրում մրցակցությունը շատ մեծ էր։

«Լուիս Դելյուկ» մրցանակի հավակնորդների ցուցակում էին նաև՝ Ռոբեր Գեդիկյանի «Կիլիմանջարոյի ձյունը», Բերտրան Բոնելոյի «Հանդուրժողականության տունը», Բրունո Դյումոնի Hors Satan (Սատանայից դուրս) և այլ ֆիլմեր։

Հավելենք, որ «Լուիս Դելյուք» մրցանակը շնորհվում է Ֆրանսիացի կինոլրագրող Լուիս Դելյուքի պատվին, 1937թ. սկասծ։