Հաճախ բալիկներս գտնում են խաղեր, որոնց ծանոթ չեմ. «Դիսնեյ-ինտերակտիվ»-ի ղեկավար

01:52 • 19.12.11

Հաճախ բալիկներս գտնում են խաղեր, որոնց ծանոթ չեմ. և երբ նոր խաղ եմ ստեղծում, առաջինը երեխաներիցս խորհուրդ եմ հարցնում, և հաճախ նրանք բավականին խիստ են լինում։ Այս մասին պատմել է «Դիսնեյ» ընկերության «Դիսնեյ-ինտերակտիվ» խաղային ստուդիայի ղեկավար Ալեքս Սերոբյանը, ով կազմակերպում է ժամանցային-զվարճանքի ամենամեծ ընկերություններից մեկի ոչ միայն վարչական աշխատանքը, այլև անձամբ է նախագծում նոր խաղեր և իրականացնում նոր, համարձակ մտահղացումներ։ Այս ընկերության շուկայական կապիտալիզացիան 69 մլրդ դոլար է գնահատվում։ Նրա մասին էր «Շանթ» հեռուստատեսության «Աշխարհի հայերը» հաղորդումը։

Սերոբյանը հանդիպել է Սթիվ Ջոբսի հետ, երբ լինելով առաջինը՝ խաղեր էր պատրաստում «Մակինտոշ»-ի համար։ Ջոբսը ներկայացրել է Սերոբյանի աշխատանքներից մեկը։ «Կարելի է ասել, որ նա կիսով չափ հայ է, ես շատ հարգում եմ այն աշխատանքը, որ նա արել է. ես նրա մեծ երկրպագուն եմ, նա մեծ մարդ էր»,- ասել է նա։

Նոր խաղերը Ալեքս Սերոբյանը «փորձարկում է» իր երեխաների հետ, թեպետ արդեն նկատել է, որ խաղային իր և երեխաների նախասիրություններն էապես տարբերվում են. «Երևի սկսել եմ մեծանալ»,- նկատեց նա։

Սերոբյանը հայ է հոր կողմից և մանկուց տպավորված է պապի գլխավորությամբ հայկական ավանդական սեղանի մշակույթով։ Տարիքն առնելուն զուգընթաց՝ սկսում է առավել կարևորել իր արմատներին վերադառնալը։

«Ես տեսնում եմ, որ Հայաստանի վերածննդի այնքան մեծ պոտենցիալ կա, սփյուռքահայերին Հայաստանի վերածննդին ծառայեցնելու այնքան տարբեր եղանակներ կան, ես շատ ոգևորվում եմ այդ ամենով»,- նշեց նա։