«Ստեղծագործ Եվրոպա»-ն 2 մլրդ եվրոյով կզարգացնի ԵՄ երկրների մշակույթը
Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներում 2014-2020 թվականներին մշակույթի զարգացման ֆինանսավորմանն ուղղված նախագիծ է մշակել: Ինչպես գրում է The Art Newspaper թերթը, համաձայն նախագծի`մշակույթի զարգացման համար կտրամադրվի 1.8 մլրդ եվրո:
«Ստեղծագործ Եվրոպա» նախագծով պատկերավորման ու կատարողական արվեստին կուղղվի մոտ 500 մլն դոլար: Ծրագրվում է, որ ֆինանսական աջակցություն կստանան մոտ 300 հազար արվեստագետներ:
2014 թվականից կավելացվի նաև կինոարդյունաբերության բյուջեն. յոթ տարվա ընթացքում կինոյի վրա կծախսվի մոտ 910 մլն եվրո: Սրան զուգահեռ, գումար կհատկացվի նաև «Եվրոպայի մշակութային մայրաքաղաքները» նախագծին` մոտ 490 մլն:
Միևնույն ժամանակ հրատարակությունը մեջբերել է մի շարք արվեստագետների կարծիքներ, օրինակ`բրիտանացի նկարիչ Դեքստեր Դելվուդը հարց է բարձրացրել`արդյոք այդ գումարները կհասնեն հասցեատերերին:
Եթե այս նախագիծը մինչև տարեվերջ հաստատվի, ապա այն կդառնա ԵՄ-ի` մշակույթին ուղղված ամենամեծ ֆինանսավորումը:










