«Ձնե ձոն»՝ «Հովեր»-ի կատարմամբ. պրեմիերա

01:03 • 21.12.11

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ կայացել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ձնե ձոն» կանտատի պրեմիերան «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ (խմբավար Սոնա Հովհաննիսյան ): Կանտատը, ըստ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքի, գրվել է այս տարի մշակույթի նախարարության պատվերով և նվիրված է հայկական գրատպության 500-ամյակին:

«Ձնե ձոն» կանտատը ժամանակակից ակադեմիական ստեղծագործություն է՝ շուրջ 45 րոպե տևողությամբ և բաղկացած է 7 մասից: Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպմանը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար Սոնա Հովհաննիսյանը նշել են, որ կանտատը գրված է Մեծարենցի, Կոմիտասի, Վանեցու, Շիրազի և Դոգենի տեքստերի՝ «Ձմռան պարզ գիշեր», «Ձմեռնամուտ», «Ձմեռային լուսին», «Երնեկ այս ձմեռներին, որոնք գնում են` իրենց հետևից բերելով գարուն» և այլ բանաստեղծությունների հիման վրա:

Կանտատի պրեմիերան կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի 2011 թ. համաշխարհային պրեմիերաներից թվով 7-րդն է և ուշագրավ է, որ այն տեղի է ունենում Հայաստանում: Համերգի մենակատարն էր երգիչ Գուրգեն Բավեյանը, իսկ երգեհոնի մոտ էր կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը: «Կանտատն ապագա կունենա իր հրաշալի նյութով, և կլինեն բազմաթիվ կատարումներ: Մեր երգչախմբի հաջորդ տարվա համերգային ծրագրերում անպայման կընդգկենք»,- ասել է Սոնա Հովհաննիսյանը։