Օպերային բալետի բեմում 3D բալետ է ներկայացվելու
Օպերային բալետի բեմում շուտով 3D բալետ է ներկայացվելու. սա, սակայն, եռաչափ գրաֆիկայի հետ ոչ մի կապ չունի. 3D-ն այս դեպքում խորհրդանշում է պարային երեք ոճերի միաձուլումը մեկ հարթակի վրա։ Այս մասին հաղորդեց «Արմնյուզ» լրատվականը։
Բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ այստեղ միասին ներկայանալու են ռոմանտիկ, դասական և ժամանակակից բալետը, և առաջին անգամ հայկական բեմում հնարավոր կլինի միավորված տեսնել դասական բալետը փողոցային պարերի հետ։ «Մարդիկ հարցնում են՝ ակնոցներ պե՞տք է հագնենք. պատասխանում եմ՝ պետք լինի, պիտի էդ էլ դնեք,- կատակում է նա,- սա ձև էր՝ գրավելու երիտասարդներին»։
Հայկական բալետն անթերի չէ, սակայն որպեսզի այն զարգանա, նաև համապատասխան մարմինները պիտի հիշեն, որ բալետը միայն արվեստ չէ, այն նաև աշխատանք է, և չնչին գումարով կամ առանց աշխատավարձի երկար ժամանակ մարդկանց ստիպել պարապել ու պարել հնարավոր չէ։ «Մարդը, որ գալիս է աշխատանքի, պետք է իմանա, որ ապահովված է իր գոյությունը»,- նշեց նա։
Իսկ բալետի նորարարական 3D անունը, թերևս, խայծ է, քանի որ փորձառու բեմադրիչը վստահ է, ով մեկ անգամ եկավ բալետ՝ «խաբվելով», հետո անպայման ինքնակամ կգա։










