Հիմնական տոնական գիշերը Սուրբ ծննդյան գիշերն է, ոչ թե հունվարի 1-ը. Շիրակի թեմի առաջնորդ
«Գլխավոր, հիմնական տոնական գիշերը այս գիշերն է, Սուրբ ծննդյան գիշերը, երբ երեկոյան մատուցվում է ճրագալույցի պատարագ, և ոչ թե հունվարի 1-ը, ինչպես գիտի և նշում է ժողովուրդը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` մեր խնդրանքով անդրադառնալով Սուրբ ծննդյան տոնի օրվա խորհրդին:
Նրա խոսքով` այսօր հայ ժողովուրդն ավելի մեծ շուքով է պատրաստվում Նոր տարվան, ինչի պատճառը կոմունիստական ժամանակաշրջանն է, որը նվազեցրեց Սուրբ ծննդյան նշանակությունն ու առաջ մղեց Նոր տարվա տոնը: «Տոնածառը, Ձմեռ պապը Սուրբ ծննդյան տոնի ատրիբուտներ են»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը` պարզաբանելով, որ, օրինակ, Ձմեռ պապը Սուրբ Նիկողայոս հայրապետն է, որը նախկինում նվերներ է բաժանել Սուրբ ծննդյան օրը և ոչ թե Նոր տարուն:
Ինչ վերաբերում է Սուրբ ծննդյան տոնին, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ այն սկսվում է այսօր երեկոյան` ժամը 17.00-ին, երբ եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, հնչում է «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսը, մարդիկ եկեղեցիներից դուրս են գալիս կրակներով ու մոմերով, որից հետո գցվում են սեղանները և մեծ շուքով նշվում է տոնը:
Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է այսօր ժողովուրդը մոտ եկեղեցուն, որքանո՞վ է պահպանում եկեղեցական ավանդույթները, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Մարդիկ գալիս են եկեղեցի, բայց գիտակցական մակարդակն այն չէ, ինչ կուզեինք: Մարդկանց մեծ մասը չի ցանկանում իմանալ ավելին, քան գիտի»:










