Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Այսօր 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծննդյան օրն է:
Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում: Ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը, նկարահանել մի շարք կինոֆիլմեր, սակայն նրան միջազգային ճանաչում է բերել 1964թ. Ուկրաինայում նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը:
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1968), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին:
Հետագայում, բանտարկությունից հետո, երկար տարիներ խորհրդային իշխանությունները Փարաջանովին արգելում էին ֆիլմեր նկարահանել, սակայն 1984թ. նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» իսկ 1988թ. «Աշուղ ղարիբը» ֆիլմերը։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանում էր ինքնակենսագրական` «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում այն օգտագործվեց կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի հեղինակային «Բոբո» (1991) գեղարվեստա-վավերագրական ֆիլմում։
Չափազանց մեծ է հռչակավոր կինոռեժիսորի ավանդը հայկական կինեմատոգրաֆում: Թեև, Փարաջանովն արժանացել է տարբեր մրցանակների` Մար Դել Պլատայի, Ռոտերդամի, Թեսալոնիկիի, Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոներում, այնուամենայնիվ, բազմաթիվ մասնագետների հավաստմամբ` նա կենդանության օրոք արժանավույնս չի գնահատվել:
Բազմաթիվ կինոհանդեսների անցկացրած հարցումների համաձայն` Փարաջանովը ճանաչվել է 20-րդ դարի խոշորագույն 50 կինոռեժիսորներից մեկը:
Փարաջանովը մահացել է քաղցկեղից` 1990թ. հուլիսին, Երևանում:










