ՆՓԱԿ-ը 20-ամյա հոբելյանը կնշի մի շարք միջոցառումներով
Նորարար փորձարարական արվեստի կենտրոնն իր գործունեության 20-ամյակն է նշում և այդ առիթով կենտրոնը որոշել է 2012թ. հռչակել որպես Հայաստանում ժամանակակից արվեստի տարի:
Այսօր կազմակերպված միջոցառմանը հրավիրվել էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ:
ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհրդի ղեկավար, ռեժիսոր Գագիկ Ղազարէն ասեց, որ տարին չափազանց կարեւոր է կենտրոնի համար: Հենց այդ կապակցությամբ նա խոստանում է, որ տարին հագեցած է լինելու միջազգային տարբեր ցուցահանդեսներով:
Պահպանելով ավանդական ծրագրերը` այլընտրանքային արվեստի փառատոնը, «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, «Մեկ քառակուսի մետր» փառատոնը, վիզուալ արվեստների փառատոնները ՆՓԱԿ-ը նաեւ կհամալրի ևս մեկով: Այս տարի, Սոնա Աբգարյանի ղեկավարությամբ, հունիսին կկայանա «Ժանգոտ Դդում» հանրահայտ վիդեո-կինո փորձարարական փառատոնը: Ի դեպ, փառատոնների բաց հայտագրումն արդեն սկսված է:
Մայրաքաղաքում կազմակերպվող կարեւոր միջոցառումներից մեկը օգոստոսին նախատեսվող ՆՓԱԿ-ի հիմնարկեքին իրենց անմիջական մասնակցությունը բերած արվեստի եւ արվեստագետների հետահայաց ցուցահանդեսն է: Իսկ սեպտեմբերին կկայանա համապարփակ խմբակային ցուցահանդես, անցյալ երկու տասնամյակների հայկական ժամանակակից արվեստի ընտրանուց:
1992թ. առաջին անգամ ՆՓԱԿ-ի գաղափարակիրը և կառույցի հիմնադիրը` Սոնա Բալասանյանը կազմակերպել է «9» ցուցահանդեսը` ժամանակակից արվեստի թանգարանի շենքում: Ցուցահանդեսին մասնակցում էին 9 արվեստագետներ, այդտեղից էլ ծնվել է անվանումը: ՆՓԱԿ-ի գաղափարի իրագործումը մեկնարկեց հենց 1992-ից:
«Ուզենք, թե չուզենք, եկել, հասել ենք 20-ամյակի շեմին ու 2012թ. ամբողջ տարին տոնելու ենք մեր հոբելյանը: Մեծ հույս ունեմ, որ նախատեսված բոլոր ծրագրերը հաջողությամբ տեղի կունենան: Ի դեպ, տարբեր ցուցադրություններին կից նախատեսում ենք նաեւ համերգային ծրագրեր: Հնարավորինս տոնական ենք լինելու` ապահովելով բազմազանություն, հետաքրքիր միջոցառումներ», ասաց ՆՓԱԿ Գեղարվեստական Խորհրդի ղեկավար Գագիկ Ղազարէն:
ՆՓԱԿ-ը նաեւ իր ծրագրերն է փոխանցում Հայաստանի մյուս քաղաքներին եւ մարզերին: Առաջին աշխատանքներն են տարվում` մարզային բնակավայրերի հետ կապեր հաստատելու ուղղությամբ: Գագիկ Ղազարէն նշում է, որ ՆՓԱԿ-ը արդեն այցելել է մի քանի բնակավայր` համոզվելով, որ այնտեղ իրենց կարիքը կա եւ ճիշտ ժամանակն է տեղափոխելու ՆՓԱԿ-յան փորձառությունը մարզային բնակավայրեր: Առաջիկայում մարզերում կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ եւ այլ միջոցառումներ:
ՆՓԱԿ-ի հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկը ընդգրկում է`
Մարտ – Իրան – Ժամանակակից արվեստի ցուցահանդես
Ապրիլ – ՆՓԱԿ-ի XVI Արվեստի այլընտրանքային փառատոն
Մայիս – Ֆրանսիա – Guillaume Lavit d`Hautefort լուսանկարչական և վիդեո նախագիծ
ԱՄՆ – «Հոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ֆոտո-լրագրող Ալեքսադրա Ավագյանի լուսանկարների ցուցահանդես
Մեծ Բրիտանիա – Անգլիական բանաստեղծության ընթերցումներ
«Մեկ Կադր» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն
Հունիս – Իտալիա «Քսանը մեկի համար» Իտալիայի քսան շրջանների ժամանակակից արվեստների խմբական ցուցահանդես, կազմակերպիչ` IGAV – վիզուալ արվեստի Գառզու ինստիտուտ, Թորինո եւ Հռոմ, Իտալիա
«Ժանգոտ Դդում»' կինոփառատոն
Հուլիս – Ռումինիա – Բուխարեստի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցահանդես
Օգոստոս – Հայաստանի «տարանցիկ» արվեստագետների հետահայաց ցուցահանդես
ԼԱՏՎԻԱ –«Բուտո» թատերախաղ
Սեպտեմբեր – Հայաստանի ժամանակակից արվեստը երրորդ հանրապետության առաջին երկու տասնամյակներում
Հոկտեմբեր – Ռուսաստան – Ռուսական ժամանակակից արվեստը, կազմակերպիչ` Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոն
Նոյեմբեր – «Մեկ Քառակուսի Մետր» թատերական փառատոն:










