Ադրբեջանի իրական պատմությունը «Полигон Азербайджан» գրքում

20:42 • 10.02.12

Երևանում այսօր տեղի ուենցավ Արիս Ղազարյանի «Полигон Азербайджан», գրքի շնորհանդեսը: Գրքում հեղինակը պատասխանում է հարցերին, թե երբ և ինչ տրամաբանությամբ է ձևավորվել Ադրբեջանը որպես պետություն և ադրբեջանցիները որպես ազգ:

Tert.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ գիրքը ներկայացրել է ոչ թե ղարաբաղյան հակամարտության լույսի ներքո, այլ փորձել է ընթերցողին ծանոթացնել Ադրբեջանի ճշգրիտ պատմությանը:

«Ըստ էութայն մեկ գրքի մեջ երեք գրքեր են: Առաջին մասը ներկայացնում է ադրբեջանական ազգի ձևավորման տրամաբանությունն ու պատմությունը` 1900 թվականներից սկսած: Հենց այս շրջանում էլ առաջին անգամ ի հայտ եկավ այդ տերմինը, որը հետագայում 20-30-ական թվականին դարձավ համատարած»,- նշեց հեղինակն ու հավելեց, որ այս բաժնում մանրամասն ներկայացվում է, թե որ ցեղախմբերից էին առաջացել ադրբեջանցիները, որ ուժերն էին շահագրգռված այս նոր ազգի ձևավորման համար և նման այլհարցեր:

Արիս Ղազարյանը հավելեց, թե ինչպես է միջնադարյան ամենակարկառուն պարսիկ հեղինակ Նիզամի Գյանջևին հանկարծ ադրբեջանցի բանաստեղծ դառնում: «Այսինքն` այս մի մարդու տրանսֆորմացիայի օրինակով ներկայացվում է մի ամբողջ ազգի պատմությունը»,- բացատրեց նա:

Երկրորդ բաժնում ըստ հեղինակի` ներկայացված է ադրբեջանական պատմագրությունը: «Պաշտոնական Ադրբեջանում չի զարգանում պատմությունը որպես գիտություն, այլ ցավոք այնտեղ միայն պատմագրություն է: Դրանով հանդերձ նրանք խեղաթյուրում են իրենց, Հայաստանի, Իրանի և ընդհանրապես ողջ տարածաշրջանի պատմությունը»,- նշեց նա:

Արիս Ղազարյանի խոսքով` երրորդ գլուխն ընդգրկում է Ադրբեջանի պետականության ստեղծման շրաջնից սկսած մինչ մեր օրերը` ներկայացվելով, թե ինչպես է զարգացել այդ պետականությունը և ինչ հիմանական սկզբունքների շուրջ է ձևավորել նրանց վերնախավն ու մտավորականությունը:

«Ադրբեջանը, որպես պետություն, հռչակվել է 1918թ.: Քչերին է հայտնի, որ այն ստեղծվել է մեզ հայտնի Էնվեր փաշայի եղբայր` Նուրի փաշայի կողմից »,- ասաց նա և հավելեց, որ գիրքը գրված չէ ադրբեջանցիների դեմ, այլ զուտ ներկայացնում է պատմությունը:

Գրքի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից: