Էլթոն Ջոնը չի երգի Վրաստանում. անհրաժեշտ գումար հավաքել չի հաջողվել
Աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Վրաստանում համերգ չի տա: Այս մասին, վրացական GHN գործակալության հաղորդմամբ, ասել է «Իսթերն փրոմոուշըն» ընկերության հիմնադիր Կախա Կանդելակին, որն էլ հենց բանակցություններ էր վարում երգչի մենեջերների հետ:
«Էլթոն Ջոնը Վրաստան չի գա, քանի որ հովանավորները գումար չհատկացրեցին, իսկ մենք չկարողացանք Մշակույթի նախարարությանը «համոզել», որպեսզի 20 000 մարդու համար նախատեսված դահլիճ տրամադրվի համերգի անցկացման համար: Ցավոք, ֆինանսը որոշեց, որ այսնպիսի բարձրակարգ երգիչ, ինչպիսին Էլթոն Ջոնն է, պետք է համերգ չտա Բաթումում»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ջոնը հունիսին Բաթում քաղաքում համերգ է տալու:










