Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 77 տարեկան

17:02 • 12.02.12

Արձակագիր Հրանտ Մաթևոսյանին մի անգամ հարցրել են. «Եթե վաղը պատերազմ սկսվի, ի՞նչ խոսքեր կուղղեք»:

«-…միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ` երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը` մթնած մարդը, քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելու՞ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ և ձիավորվիր», - ասել է Հրանտ Մաթևոսյանը:

Այսօր`փետրվարի 12-ին հայ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը կդառնար 77 տարեկան:
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1936թ-ին.: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում:

Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, տանջվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքն աշխատելն ու աշխարհը լավացնելն է:

Նրա վիպակների հիման վրա նկարահանվել են հայտնի կինոնկարներ` «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», բեմադրվել են ներկայացումներ: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միությունում, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը:

Մաթևոսյանի գործերը թարգմանվեցին և տպագրվեցին ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ. Դեկտեմբերի 18-ին Երևանում: Անցած տարի` 2011թ-ին այս օրը բացվեց Մաթևոսյանին նվիրված հուշակոթող-աղբյուրը, որի ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը: