Ուրեմն, մեր մտավորականությունը վերջնականապես չի փչացել. Սոս Սարգսյան
«Ես ասում էի Սարոոո, նա՝ հոոո». ասյօր ճանաչված բեմադրող օպերատոր և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակին նվիրված հանդիսության ժամանակ այսպես հիշեց նրան վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանը։
Հանդիսությունն անցկացվեց «Մոսկվա» կինոթատրոնում, որի շրջանակներում կայացավ նաև «Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գրքի շնորհանդեսը:
Սերգեյ Իսրայելյանի մուտքը կինոյի աշխարհ եղել է հետնաբեմից. նա ընկերների հետ «Հայֆիլմ»-ի հետնամուտքից թափանցել է տաղավար՝ հանդիպելու «Մսյո Ժակը և ընկերները» ֆիլմում նկարահանվող հորը: Այսօր
Սերգեյ Իսրայելյանն այսօր կդառնար 75 տարեկան:
Դերասան Սոս Սարգսյանը, որ կյանքի մեծ մասն անց է կացրել Սերգեյ Իսրայելյանի հետ աշխատելով՝ «Եռանկյունի», «Խաթաբալա», «Հնձան», «Գիքորը« և բազմաթիվ այլ ֆիլմերում, իր խոսքում հիշեց, որ նրան «Սերիկ»-ով չէր դիմում, այլ՝ «Սարո», ինչին Իսրայելյանը պատասխանում էր՝«հոոո»։
Դիմելով դահլիճում հավաքված դերասաններին, կինոգործիչներին և այլոց, Սոս Սարգսյանը հայտարարեց. «Ուրեմն, մեր մտավորականությունը վերջնականապես չի փչեցել, եթե դահլիճում այսքան մարդ կա»:
«Ինքը ներկա է ամեն տեղ, այս դահլիճում, այն կաբինետում, որտեղ ինքը հիմա նստած չի, որովհետեև ինքը կյանքի մարդ էր»,- Սերգեյ Իսրայելյանի մասին պատմող ֆիլմում Իսրայելյանի կադրերը մեկ անգամ ևս դիտելով հայտարարեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Դիտելով այդ կադրերը նաև կրկին համոզվել է, որ Սերգեյ Իսրայելյանի նկարահանած յուրաքանչյուր կադր արվեստի գործ էր։
Նշենք, որ Սերգեյ Իսրայելյանի օպերատորական աշխատանքների թվում են երկու անգամ համամիութենական մրցանակների արժանացած «Եռանկյունին», «Նահապետը», «Կտոր մը երկինքը», «Խաթաբալան», իսկ ռեժիսոր Իսրայելյանի առավել հայտնի աշխատանքներն են «Գիքորը», «Ճերմակ անուրջները» և վերջին ֆիլմը՝ «Պատանդները»։
Ներկաների թվում էին նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ բազմաթիվ այլ ՀԺԿ-ականների ուղեկցությամբ, ( Սերգեյ Իսրայելյան ՀԺԿ խմբակցության և «Արդարություն» դաշինքի պատգամավոր էր) , «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, »Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը և այլոք:










