Երգչուհի Ադելը վեց «Գրեմմի»-ի արժանացավ

09:47 • 13.02.12

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 54-րդ արարողությունը:

Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, բրիտանացի երգչուհի Ադելը հաղթող է ճանաչվել միանգամից 6 անվանակարգում, այդ թվում` «Տարվա լավագույն երգ» (Rolling In The Deep երգով), «Տարվա լավագույն ձայնագրություն (Rolling In The Deep), «Տարվա լավագույն ալբոմ» («21» անունը կրող ալբոմը), «Փոփ երաժշտության բնագավառում լավագույն սոլո կատարում» (Someone Like You), «Փոփ երաժշտության լավագույն վոկալ ալբոմ» («21»):

Ամերիկյան Foo Fighters խումբը հաղթող է ճանաչվել «Լավագույն ռոք երգ» (Walk), «Լավագույն ռոք ալբոմ» (Wasting Light), «Ծանր ռոք ժանրում լավագույն ստեղծագործություն» (White Limo) անվանակարգերում:

 «Լավագուն ռեփ ալբոմ» մրցանակը հանձնվել է ամերիկացի Քանյե Վեսթին ` My Beautiful Dark Twisted Fantasy ալբոմի համար:

«Երաժշտական Օսկար»–ը «Լավագուն նորեկ» անվանակարգում իր մրցանակը շնորհել է ամերիկյան «Բոն Իվեր» խմբին:

«Լավագույն դուետ» անվանակարգում հաղթող ճանաչվեց անցած տարի մահացած բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի և Թոնի Բենեթի Body and Soul կատարումը: Մրցանակը երգչուհու ծնողներին է հանձնվել:

«Մեր ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ, մենք մեծ կորուստ ունեցանք. կորցրեցինք Ուիթնի Հյուսթոնին: Կարծում եմ` միակ ճիշտ բանն այժմ աղոթելն է,- այս տարվա արարողությունն այս խոսքերով էր բացել մրցանակաբաշխության վարող, ռեփեր Էլ Քուլ Ջեյը և հավելել,- Երկնային hայր, շնորհակալություն մեզ Ուիթնի պարգևելու համար….: Չնայած, որ նա մեզ այսքան վաղ լքեց, շնորհակալություն այն ներշնչանքի համար, որը նա մեզ տվեց և այն երաժշտության համար, որը պատիվ ունենք հավերժ գնահատել: Ամեն»:

Երաժշտական հեղինակավոր «Գրեմմի», ինչպես նաև «Էմմի» («Օսկար» մրցանակաբաշխության հեռուստատեսային տարբերակն է, հանձնվում է «փրայմ թայմ» ժամերին հեռարձակվող լավագույն հաղորդումների և լավագույն դերակատարումների համար) մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացավ շաբաթ օրը` ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի հյուրանոցներից մեկում: 48-ամյա երգչուհու մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:

Այնուհետ մեծ էկրանին էր հայտնվել Հյուսթոնի I Will Always Love You (Ես միշտ կսիրեմ քեզ) երգի տեսահոլովակը (հայտնի «Թիկնապահը» ֆիլմից): Դահլիճում հավաքվածները տեսահոլովակն ունկնդրել են հոտնկայս: 

Դրանից հետո միայն սկսվել էր մրցնակաբաշխության բուն արորողությունը:

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1958թ. և գնահատում է բազմաոճ երաժիշտների, երգիչների ու երգահանների տարվա ձեռքբերումները: