Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են Սրբոց Վարդանանց տոնը

18:47 • 16.02.12

Փետրվարի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվել է Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի դիվանը:

Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն է եղել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանությունը, ճեմարանականները և բազում ուխտավորներ:

Արարողության ավարտին իր քարոզում պատարագիչ Սրբազանը հանգամանորեն անդրադարձել է սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին:

«Ավարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին: Այն զուտ պատմական փաստ չէ, որով պարծենում ենք, այլ շարունակվող իրադարձություն»,– ասել է նա:

Սրբազան Հայրը Մայր Աթոռի միաբանության անունից նաև շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության տոնի առիթով, որը նշվում է Ս. Վարդանանց զորավարաց հիշատակի օրը:

Քարոզի ավարտին, Վեհափառ Հայրապետի անվանակոչության տոնի առիթով, Իջման Ս. Սեղանի առջև նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվել է Հայրապետական մաղթանք:

Մայր Աթոռի միաբաններն ու բարեպաշտ ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության, խաղաղ ու բեղուն հայրապետության համար: