Արմինկան մոտ ապագայում նոր դուետով հանդես չի գա
Վերջերս երգչուհի Արմինկան երկու նոր տեսահոլովակ ներկայացրեց հանդիսատեսի դատին` նկարահանված Գուսան Հավասու «Յայլավոր Յարս» ու Գուսան Շերամի «Զով Գիշեր» երգերի հիման վրա:
«Զով Գիշեր» երգը Արմինկան դուետ է կատարել Արամեի հետ: Թե տեսահոլովակը, թե կատարումը բազմաթիվ թեժ քննարկումների առարկա դարձան:
Տեսահոլովակների քննադատության հարցը Արմինկային այնքան էլ չի մտահոգում. նա համոզված է, որ դրանք միշտ եղել են ու լինելու են: «Տեսահոլովակի հետ կապված կային որոշ հարցեր, որոնց հետ ես համամիտ չէի: Բայց տեսահոլովակի ռեժիսորը կարողացավ ինձ համոզել, և շրջանցեցինք այդ հարցերը: Այսօր բոլորը ողջունում են իմ աշխատանքը, իմ ներկայացրած երգերը և նման քննադատությունները երկրորդ պլան են մղվում»,- ասել է նա:
Արմինկան նշում է, որ բավականին մեծ համարձակություն է համարում ժողովրդական երաժշտություն ներկայացնել` լինելով փոփ երգչուհի: Նրա խոսքով, ինքը լավ է զգում այդ ոճը, իսկ ավագ ընկերների կարծիքները խթան են հանդիսանում նրա համար կատարելու ժողովրդական երգեր:
«Առաջին տեսահոլովակի թողարկումից բավականին երկար ժամանակ է անցել, երկրորդից` ավելի քիչ: Քննադատությունների վերաբերյալ կլինեմ անկեղծ ու կասեմ` ինձ համար առաջնայինը ավագ սերնդի դրական կարծիքն էր: Նրանք լավ են ճանաչում այս երաժշտությունը: Լսելով մասնագետների կարծիքը` ես հասկացա, որ իրավունք ունեմ երգել այդ երգերը»,- բացատրել է նա:
Այժմ Արմինկան նոր երգի վրա է աշխատում: Tert.am-ի հետ զրույցում, երգչուհին դեռևս գաղտնի պահեց, թե ինչ ոճում է հանդես գալու այս անգամ: Երգը այժմ գործիքավորման փուլում է: «Դեռեւս ավելի շատ կենտրոնացած եմ ժողովրդական ժանրի երգերի վրա: Ինձ շատ հոգեհարազատ են այս երգերը, հավանաբար մոտ ապագայում ևս մի քանի նոր ժողովրդական երգեր կներկայացնեմ»,- ասում է երգչուհին:
Ժանրային փոփոխությունները չեն խանգարում Արմինկային: Հակառակը` օգնում են շարունակել բուռն աշխատանքային գրաֆիկով ապրել և ոգեշնչվել: «Գիտեք, ստեղծագործ մարդը ժամանակ առ ժամանակ ոգեշնչվում է ինչ-որ բաներից: Եթե ասելիք ունես` պլանավորված չէ, թե որ ժանրում պետք է այն լինի»:
Երգչուհին պատմեց նաև իր ստեղծագործած երգի մասի: ««Ես և Դու» երգը ես եմ գրել: Այն ուղղակի միտքս եկավ: Ինքնաթիռում էի այդ պահին, երաժշտությունը «եկավ», հետո էլ խոսքերը ծնվեցին»:
Ժանրային փոփոխությունների հետ մեկտեղ, Արմինկան շարունակում է պահպանել արտաքինի ոճը` մնալով օրիգինալ: «Ես փորձում եմ համահունչ լինել յուրաքանչյուր երգի հետ` հագնվելով համապատասխան ու սազական կերպար ստանալու համար: Սա իմ աշխատանքի մի մասն է»,- բացատրում է երգչուհին:
Արմինկան այն երգչուհիներից է, ով հայտնի է իր դուետներով: «Զով Գիշեր» երգը երգչուհու առաջին համագործակցությունն է Արամեի հետ: Ի դեպ, դուետով հանդես գալու առաջարկը երգչին հենց Արմինկան է արել: «Շատ անգամ եմ հանդես եկել դուետներով: Դրանցից շատերը` հաջողված էին: Բայց կարծում եմ պետք է մի փոքր դադար տալ, առաջիկայում որեւէ մեկի հետ դուետով հանդես չեմ գա»,- խոստովանում է երգչուհին:










