Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացնում է «Հոլիվուդ Նոն-Սթոփ» համերգների շարքը

20:32 • 15.03.12

Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը Երեւանում ազդարարվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ ջանքերով կազմակերպված համերգաշարով:

Մարտի 15-17-ը Երեւանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում կհնչեն արդեն դասական համարվող ֆիլմերի համար գրված ստեղծագործությունները` պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Համերգների ընթացքում նվագախումբը կկատարի նաեւ ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլյամսի հանրահայտ ստեղծագործությունները:

Համերգները կազմակերպվել են «Երիտասարդները երիտասարդների համար» նախագծի շրջանակներում եւ կանցնեն «Հոլիվուդ Նոն-Սթոփ» խորագրի ներքո: Այս համերգների գաղափարը ԱՄՆ դեսպանատունը ունեցել է դեռևս 2011 թ.-ի սեպտեմբերին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քերի Ռոբլինի կարծիքով սա գեղեցիկ միջոց է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը նշելու համար:

«Տվյալ պարագայում ամերիկյան երաժշտության հայտնի նմուշները կհնչեն տաղանդավոր երիտասարդների կատարմամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ», - ասել է Քերի Ռոբլինը:

«Այս համերգների հիմնական նպատակն է` ինտեգրել երիտասարդությանը դասական երաժշտության դաշտ: Վստահ եմ, որ ուսանողները լավ ծանոթ են համերգների ընթացքում հնչող ստեղծագործություններին: Հուսով եմ, որ մեր այս շփումից հետո, բոլոր նրանք, ովքեր երբեւէ ներկա չեն եղել մեր համերգներին, կհաճախեն ու կլսեն նվագախմբի կատարումները արդեն համերգասրահներում», - իր հերթին ասել է Նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Սմբատյանը նաև նշել է, որ համերգների շարքը կարևոր քայլ է երկրների միջև հաստատված հարաբերությունների հետագա զարգացման եւ բարելավման համար: Դիրիժորը հույս ունի, որ տվյալ ծրագիրը շարունակական բնույթ կկրի և նվագախումբը հնարավորություն կստանա նախագիծը ներկայացնել նաև Հայաստանի մարզերում:

Համերգային ծրագրի կազմակերպիչները նշել են, որ հնարավոր է պետական երիտասարդական նվագախմբի ելույթը ԱՄՆ-ում, բայց այս անգամ ցանկում ընդգրկված կլինեն արդեն հայկական ֆիլմերի հայտնի ստեղծագործությունները:

Ստորև ներկայացնում ենք ԲՈՒՀ-երի ցանկը, որտեղ կայանալու են «Հոլիվուդ Նոն-Սթոփ» խորագիրը կրող համերգները:

1. Մարտի 15, ժամը 14:00` Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի գլխավոր դահլիճ

2. Մարտի 16, ժամը 16:00` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ` գիտակրթական միջազգային կենտրոն

3. Մարտի 19, ժամը15:00 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ /Ուսումնական թատրոն/

4. Մարտի 20, ժամը 15:00` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

5. Մարտի 22, ժամը 15:00 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

6. Մարտի 23, ժամը14:30` Հայ-Ռուսական Սլավոնական համալսարան

7. Մարտի 26, ժամը 14:30` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան

8. Մարտի 27, ժամը 17:00` Հայաստանի ամերիկյան համալսարան