Ամեն մարդ իր Փարաջանովն ունի… Բայց Փարաջանովը ոչ մեկին չի պատկանում. Սերժ Ավետիքյան (լուսանկարներ)
Սերժը Երևանում էր: Ցանկություն առաջացավ հանդիպել-զրուցել իր նոր, բայց արդեն իսկ բուռն քննարկումների թեմա դարձած նախագծից` նվիրված Սերգեյ Փարաջանովին:
Առաջին անգամ Ավետիքյանը նախագծի մասին խոսեց Երևանում` անցած տարվա ամռանը` Ոսկե ծիրան կինոփառատոնի ժամանակ… Այժմ էլ Երևանում էր` նույն նախագծի առիթով` արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու` Ազգային կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության հետ:
Պայմանավորվեցինք հանդիպել քաղաքի կենտրոնում: Հանդիպման վայրում… ուրիշ Սերժ էր` կերպարանափոխված. թիկունքով դեպի մեզ կանգնած սևազգեստ տղմարդը անասելի տպավորություն գործեց, երբ թեքվեց մեր կողմը: Ճերմակ մազ-մորուսով, կնճիռների ճիշտ չափաքանակով, նույն չարաճճի ու ծանոթ աչքերով Սերժ-Սերգեյ էր:
Փարաջանովակերպ Սերժի հետ Փարաջանովից խոսելը մի այլ հաճույք պետք է ներկայացներ… Բայց քաղաքում այդպես էլ հանգիստ անկյուն չգտնվեց: Սերժն առաջարկեց գնալ իր կացարան` կիսագաղտնի մի հյուրանոց, որի գոյության մասին շատ քչերը գիտեն: Ավելի ճիշտ` շենքը շատերը գիտեն, բայց քչերը գիտեն, որ դա իրականում հյուրանոց է, և որ այնտեղ հանգրվանում են շատ հայտնի մարդիկ:
Հյուրանոցը տպավորեց իր ընդարձակությամբ, ինտերիերով, կահ-կարասիով. նույնիսկ դժվար էր հավատալ, որ նման բան կա Երևանում:
Այդ մասին չգիտեր նաև մեզ տեղ հասցնող տաքսու վարորդը. Փոխարենը նա մեզնից, մենք էլ իրենից բան իմացանք: Ամբողջ ճանապարհին տաքսիստը մեզ պատմեց Դուբայից բերվող մեքենաների մասին, ապա, որ աշխարհը կառավարում են մի 5 մարդ, բայց որ մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե ովքեր են դրանք: Վարորդն ասաց, որ այդ մասին իրեն հայտնել են 2 երիտասարդ ուղևորներ, որոնք, «երևում էր` քաղաքականությունից լավ հասկանում են»: Երբ մեքենայից իջանք ու մի քիչ հեռացանք, Սերժը հանկարծակի հետ դարձավ ու մոտեցավ մեքենային, թակեց ապակին, ժեստերի լեզվով և կիսաձայն ասաց` մեկն էլ ես եմ…

ինչ չէ
…ռուսերենով եմ որոշել խաղալ, իսկ ռուսերենն ինձ համար մայրենի լեզու չէ… Ну я сейчас работаю.. текст… и готовлюсь можно сказать. Здесь надо немножко поработать еще, но… я не могу говорить как Параджанов и не хочу… Я не буду еще 10 или 15 кило… брать, чтобы быть похожим на Параджанова. Я не хочу этого. Почему? Потому что, я не хочу создавать имитацию, копию... [ А я думаю, что надо… он… сейчас по-армянски продолжаю… Փարաջանովը պետք է վերածնվի… Ֆիլմի տիտրերում կարող է նույնիսկ չլինել Փարաջանովի անունը: Ֆիլմը կենսագրական չէ, ժամանագրական կենսագրական ֆիլմ չէ:
ինչ է
Մարդու ստեղծագործության մթնոլորտի, ներքին աշխարհի և կյանքի կառուցվածքն է, բայց ոչ ժամանակագրական ձևով: Հատվածային ձևով` ինչպես Փարաջանովի կոլաժներն են` հետ, առաջ, կողք… Ֆիլմի դրամատուրգիան ինքնին կառուցված է հենց այդպես: Տեղ է թողնվում հանդիսատեսին: Տիտրում չենք գրում` Թիֆլիս, բայց տեսնում ենք, որ Թիֆլիսն է… տեսնում ենք, որ Սերգեյը աղբամաններից բան է հավաքում, չենք հասկանում ինչի համար, հետո պարզվում է, որ կոլաժի համար է և այլն: Հետո կոլաժի միջոցով Սվետլանան է` իր կինը: Ապա իր մանկությունն է գալիս, ինքը մանուկ… իր ծնողները, բայց վերհուշ` flashback չէ… Ընթացքում ենք հասկանալու այդ ամենը, սկզբում ոչինչ չի տրվում:
ում համար է
Այս ֆիլմն արվում է այն մարդկանց համար, ովքեր Փարաջանովին չգիտեն: Կամ չգիտեն, կամ չեն իմացել կամ չէին էլ իմանալու, եթե չլիներ այս ֆիլմը: Ուզում եմ ասել, որ այս ֆիլմը չի արվում այն մարդկանց համար, ովքեր փարաջանովապաշտ են, Փարաջանովին սիրում են կամ չեն սիրում, գնահատում են կամ չէ, կամ շատ լավ գիտեն: Այդ մադրիկ շատ քիչ են:
Ամեն մարդ իր Փարաջանովն ունի, չէ: Բայց ես ուզում եմ ասել, որ Փարաջանովը ոչ մեկին չի պատկանում:
ով, որտեղ, երբ, ում
Այդ ֆիլմը համատեղ արտադրություն է: Հիմնական մասով ուկրաինական նախաձեռնություն է: Համառեժիսորներ ենք` ես և ուկրաինացի կին ռեժիսոր Օլենա Ֆետիսովան: Ֆրանսիան, Վրաստանը մասնակցում են որպես համարտադրող: Վրաստանում Փարաջանովի իսկական տան կողքի տանն ենք նկարահանելու: Հայաստանը պետք է մտնի համատեղ արտադրության մեջ. Ազգային կինոկենտրոնն է որոշ գումար հատկացրել, բայց դա չի բավարարում, որպեսզի Հայաստանը 10 տոկոս ունենա ֆիլմում:
Ֆիլմը եվրոպական է` կոնվենցիոն` իր արտադրության ձևով: Դա նշանակում է 1 մեծ եվրոպական երկիր` ի դեմս Ֆրանսիայի: 2-րդ երկիրը, որը կոնվենցիա է ստորագրել` Ուկրաինան, իսկ Վրաստանն ու Հայաստանը, ոչ եվրոպական երկրներ են, բայց իրավունք ունեն մասնակցել նախագծին, եթե ֆիլմում ունեն 10 տոկոս: Նախագծին փոքր չափով մասնակցում է նաև Նորվեգիան:
Շատ քիչ նկարահանումներ կան Հայաստանում: Կա հայի կերպար` ի դեմս իր ընկեր Լաերտի, որը Լաերտ Վաղարշյանի (այն ժամանակ ստուդիայի տնօրենն էր, ապա կինոմիության նախագահը) և կարելի է ասել` Իգիթյանի հավաքական կերպարն է: Իգիթյանն էլ էր, չէ՞, շատ մոտ Սերգեյին: Երկուսն էլ միշտ ձգտել են Փարաջանովին բերել Հայաստան: Դե Վաղարշյանը բերեց, որ «Սայաթ-Նովան» («Նռան գույնը») անի: Այդպիսի հայրենասեր ու գնահատող մարդիկ էին, որոնք ցանկանում էին, որ Փարաջանովը գա Հայաստանում գործ անի: Իսկ Հայաստանում նա շատ քիչ է եղել, եկել նկարահանել գնացել է, հետո բանտի հարցը եղավ, 20 տարի ապրել է Ուկրաինայում, մանկությունից մինչև 15 տարեկան Թբիլիսիում, հետո` բանտից հետո, նորից Թբիլիսիում, Հայաստանում եղել է 2 տարի: Եղած-չեղածը: Ֆիլմում այս համամասնությունը կա պահպանված: Բայց ֆիլմում ոչ ամբողջ կյանքն է:

հատվածներ ֆիլմից
Ֆիլմը սկսվում է «Մոռացված նախնիների ստվերներից» մի քիչ առաջ: Երբ կինը բաժանվում է, երեխա ունեն, ինքը մենակ է, ջահել տղերքի հետ է ապրում, որ կուսակցության մարդիկ այդ ժամանակ առիթ են փնտրում նրան հալածելու, հազար ու մի բան են անում, ցանկացած ֆիլմ որ սկսում է, խոչընդոտում են… Ֆիլմը վերջանում է Փարիզում` Պոմպիդուի կենտրոնում, ուր եկել էր 88 թվին, որտեղ իր հետահայաց ցուցադրությունն է գնում, առաջին անգամ է Փարիզում` Ռոտերդամից հետո: Վերջանում է Փարիզում:
երկուսը` քաղաքում
Ինքս ինչ-որ բաներ եմ ապրել իր հետ Փարիզում:
Փարաջանովին հանդիպել եմ 83, 84, 88 թվերին: Շփվել ենք, ես շատ եմ իրեն սիրել: Ինքն էլ ինձ, կարծեմ: Մեր միջև ինչ-որ բան է անցել: Ինքն ինձ շատ բան է տվել… երևի: Ես էլ կարող է իրեն եմ ինչ-որ բան տվել, մարդկային առումով եմ ասում:
Սերգեյը և Սերժը
Այս ֆիլմը բոլոր համարտադրողներին է պատկանում, և ամեն երկրում մի ձևով է նայվելու: Հայաստանում ու Վրաստանում նայելու են այն բանի նկատառումով, որ մարդիկ գիտեն, արձան կա, թանգարան կա, ֆիլմ է արել այդ երկրներում: Ֆրանսիայում լրիվ այլ կերպ են նայելու` որովհետև շատերը չգիտեն, այնտեղ գիտեն որպես կինոյի վարպետ և մի քիչ էլ իր անձը, բայց ոչ որպես իկոնիզացված կերպար: Նորվեգիայում առավել ևս լրիվ ուրիշ աչքերով են նայելու: Ուկրաինայում նրան շատ մարդ է ճանաչում:
Ինձ համար սա նշանակում է այն, որ ես կերպարը իմ մեջ չեմ զարգացնելու` մտածելով, թե որտեղ են տեսնելու: Իմ Փարաջանովը կլինի շատ սուբյեկտիվ, բայց չի լինի կոմպոզիցիա, իմիտացիա, կոպիա: Ես իր պես չեմ գիրանալու, իր առոգանությամբ չեմ խոսելու: Մոտենալու եմ ըստ իր հետ ունեցած իմ զգացմունքի: Կապվելու եմ իր հետ` իմ մարմնից և իմ զգացմունքից ելնելով: Ամենաճիշտը դա է. դա նշանակում է` ես ինձ էլ եմ դնելու խաղի մեջ, որպեսզի լինի ճիշտ:

բաց աչքերդ ու ազատ թող քեզ
Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր առաջին հայացքով կասեն` բայց սա Փարաջանովին նման չէ: Ինձ չի հետաքրրում Փարաջանովին նմանվելը և այն մարդիկ, ովքեր հենց սկզբից ասում են` նման չէ: Ո՞ւմ է պետք այդպիսի մարդը կինոյի համար, փոխանակ նստի ֆիլմը նայի: Բաց աչքերդ ու ազատ թող քեզ: Կամ ֆիլմը քեզ կգրավի և կմոռանաս, որ Փարաջանով ես տեսել և ինչ-որ պատմության մեջ կմտնես, հետո դուրս գալիս կասես` հա, տրամաբանական է, հետաքրքիր մոտեցում է: Կամ էլ…
Ամենակարևորը լավ ֆիլմ լինելն է:
ոչ թե պատմական, այլ ազատ
Պատմական ֆիլմ չենք անում, ազատ ֆիլմ է: Ես ցանկանում եմ ոչ թե ֆիլմ ա-լա Փարաջանով, այլ Փարաջանովի աշխարհի հետ կապված ֆիլմ: Ինչը նշանակում է` շատ ազատ ֆիլմ: Ֆիլմը մատուցում է իր գործը, իր արվեստը, բայց գեղարվեստական ձևով:
Սահմանափակության դեմ է այս ֆիլմը: Ֆիլմն անսահման, գեղեցկություն սիրող, ազատ և տաղանդավոր մարդու մասին է, իր անունը լինի Փարաջանով, թե… Փարաջանով է, բայց կարող էր լինել Տարկովսկի, Փելեշյան, Պազոլինի, Ֆելինի, մի քանի ուրիշներ:
եթե
Եթե ես նստեմ մտածեմ ով ինչ է ասում, երբեք ֆիլմ չեմ նկարի: Կվախենամ: Ասես բոլորը ատրճանակներով կանգնած լինեն, սպասեն մի սխալ քայլ անես, որ կրակեն: Չէ, ես չեմ վախենում: Ասեմ` ինչու: Ես մտածում եմ մի բանի մասին. ես ազատ մարդու հոգեբանության մեջ եմ ուզում մտնել, որը շատ մոտ է իմ հոգեբանությանը, հակառակ դեպքում չէի կարողանա անել: Եվ նկատեմ` այն, ինչ այդ ազատ մարդն է ապրել այն ժամանակ, ես հիմա որոշ չափով ապրում եմ իբրև դերասան և բեմադրիչ (ծիծաղում է – Tert.am):
Մարդիկ չեն հասկանում, որ անգիտակցաբար ինձ հետ վարվում են այնպես, ինչպես ժամանակին վարվել են Փարաջանովի հետ, երբ նա ասում էր` Смотри, Лаерт, я хочу чтобы эта актриса была в “Саят-Нова”. “Ты что с ума сошел? Здесь, в Армении, Саят-Нова – это мужчина…”. “Зато она отличная актриса, она гермафродит…”. “Она армянка, ты это знаешь?”: Խաբում է, բան: Համոզեց չէ՞, արեց, չէ՞: Ու հետո ոչ մեկը չասաց, որ կին է խաղում Սայաթ-Նովայի դերը: Գիտեի՞ք դա: Նա սկզբում ջահել Սայաթ-Նովան է, ապա թագուհին, հետո Սայաթ-Նովան ծերանալիս դառնում է տղամարդ…
շուտով
Ես շատ գրգռված, համարձակ, լցված ձևով աշխատում եմ: Որոշումներ պիտի կայացվեն` Հայաստանում նկարել թե ոչ, ինչ նկարել: Պատասխանների ենք սպասում Վրաստանից, բայց գումարը կա` Ուկրաինայից, Ֆրանսիայից, մենք աշխատում ենք: Как я уже сказал… я учу русский, у нас есть сценарий.
Շատ կարևոր է երաժշտությունը ֆիլմում: Իլյուստրատիվ չի լինելու, այլ ինքը երաժշտությունը լինելու է պերսոնաժ` ինչպես Փարաջանովն էր սիրում:
Կիևում 90 տոկոսով քասթինգը արված է: Դերասանուհի Յուլյա Պերեսիլդը խաղալու է կնոջ`Սվետլանայի դերը` молодая, талантливая, красивая, органичная она!

Չունենք Դոդո Աբաշիձե, «Մոռացված նախնիների ստվերների» օպերատորը` շատ կարևոր պերսոնաժ այդ ֆիլմում` Իլյենկո:
Զուգահեռ աշխատում եմ «Անուշի» բեմադրության վրա…
Նկարում ենք մայիս-հուիս-հուլիսին: Հետո` մոնտաժ` մինչև դեկտեմբեր: Մոտավորապես տարվա վերջում լրիվ կավարտենք:
Հետո կսպասենք տեսնենք Կանն է գնում, թե ուր:
Կարծում եմ` 2013-ի Ոսկե ծիրանին էլ կլինի:
Էնքան էլ շատ չմնաց` մի տարի ու կես:
անդրադարձը՝ Դավիթ Վարդազարյանի










