«Էպսիդոն» թատերախումբը տոնեց թատրոնի օրն ու իր հարյուր օրը

21:08 • 28.03.12

Ամբողջ աշխարհում մարտի 27-ին նշվող թատրոնի միջազգային օրից անմասն չմնաց Երևանում գործող «Էպսիդոն» թատերախումբը, որի անդամները` գլխավոր ռեժիսոր Արթուր Մակարյանը, տնօրեն Լիանա Ավետիսյանը և գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանն այս օրը, բացի համընդանուր տոնից, ևս մեկ տոն էին նշում` «Էպսիդոն»-ը դարձավ 100-օրական:

«Մեր երկրում թատրոնի միջազգային օրն ամեն բան տեղի է ունենում միայն մեկ միջոցառման` «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում: Այս մրցանակաբաշխությունը շատ գովելի է, որովհետև պարգևատրվում են տարվա լավագույն արվեստագետները: Սակայն հասարակ հանդիսատեսին այս ամենը հասանելի չէ: Հենց դա է պատճառը, որ ծագեց մի տոն ստեղծելու գաղափար, որ հենց ժողովրդի համար կլինի»,– Tert.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Սարգսյանը:

Հենց «Էպսիդոն» թատերախմբի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Նախ` կազմակերպվեց երթ, որի ընթացքում դերասանները շրջեցին Երևանի կենտրոնական փողոցներով: Շքերթը եզրափակվեց Վերնիսաժի տարածքում, որտեղ կազմակերպվեցին բացօթյա խաղեր և այլ զվարճալի միջոցառումներ, որոնք միանգամից գրավում էին անցորդների ուշադրությունը:

«Շատ ուրախ էի, որ մարդիկ ուրախ ու զարմացած ժպտում էին: Հաջորդ տարի պլանավորում ենք կրկին նման, բայց ավելի մեծ միջոցառումների շարք կազմակերպել»,– նշեց Արմեն Սարգսյանը:

Այս միջոցառումից հետո մասնակիցներին հյուրընկալեց Նարեկացի արվեստի միությունը, որտեղ կայացավ հանդիպում-զրույց թատրոնի վերաբերյալ: Ներկաների համար ցուցադրվեց «Էպսիդոն»-ի հեղինակած «Վոյցեկ» մյուզիքլի մասին պատմող տեսաֆիլմ: Բազմամարդ դահլիճը ուրախ և տոնական մթնոլորտում ողջունեց թատերախմբին:

«Հենց այսօր մենք ներկայացանք հանդիսատեսին, մեր ներկայացման մասին մի փոքրիկ տեսաֆիլմ ցուցադրեցինք: Որոշեցինք պարզապես հավաքվել ընկերական մթնոլորտում, իսկ հիմա արդեն ավելի շատ մարդիկ ճանաչեցին ու միացան մեզ»,– հավելեց Արմեն Սարգսյանը:

Բայց այսքանն էլ բավարար չէր տոնախմբության մասնակիցներին: Երեկոյան Crossroad Lounge Bar ակումբում տեղի ունեցավ թատերական դիմակահանդես, ինչպես նաև թատերականացված միջոցառում:

«Էպսիդոն» թատերախումբի գործուեությունը սկսվել է Արթուր Մակարյանի բեմադրած «Վոյցեկ» մյուզիքլից, որում Արմեն Սարգսյանը խաղացել է գլխավոր դերը: Աշխատանքի ընթացքում նրանց միացել է նաև Լիանա Ավետիսյանը:

«Պարզապես հասկացանք, որ չենք կարող առանց միմյանց ու որոշեցինք միասին աշխատել: Հասկացանք, որ պետք է մեկ քայլ առաջ անցնել: Կամ պետք է համակերպվեինք մեր իրականության հետ, կամ ընդվզեինք։ Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը»,– պատմում է թատերախմբի գեղարվեստական ղեկավարը:

Tert.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ մինչև մայիսի վերջ թատերախումբը հանդիսատեսի դատին կհանձնի ևս մեկ փոքրիկ ներկայացում: Նա խոստանում է, որ աշնանն արդեն պատրաս կլինի նոր, ավելի մեծամասշտաբ նախագիծ: