Ամերիկացի զույգը կամուսնանա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ
Ամերիկացի զույգը որոշել է ամուսնանալ Country Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Հանդիսավոր արարողությունն անցկացվելու է կիրակի` ապրիլի 1-ին, Լաս Վեգասում: 31-ամյա Քրիստինա Դևիսի ու 33-ամյա Ֆրենկ Տուչիի պսակադրման արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով:
Զույգը ծանոթացել է տարիներ առաջ Նյու Ջերսիում` Քրիստինայի հիմնադրած Երիտասարդ այրիների միությունում: Այս միությունը հիմնելուց առաջ 31-ամյա կինը կորցրել է իր ամուսնուն` լինելով հղի: Ամուսնու մահից հետո նա որոշեց ստեղծել նման միություն, որը կարող է բարոյապես աջակցել իր «բախտակիցներին»: Իսկ Տուչին այցելել էր միություն` քաղցկեղից իր կնոջ մահից հետո:
Զույգն արդեն պայմանավորվել է Country Music Awards-ի կազմակերպիչների հետ: Նրանց ամուսնությունը կդառնա առաջինը երաժշտական մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում (այն կանցկացվի 47-րդ անգամ):
Պսակադրությունը կուղեկցվի Մարտինա Մքբրայդի ելույթով: Նա կներկայացնի իր նոր` Marry Me երգը:










