Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 82 տարեկան

13:04 • 01.04.12

Այսօր հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը կդառնար 82 տարեկան:

Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930 թ-ի ապրիլի 1-ին, Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում:

1951թ.ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, աշխատել է Գ. Սունդուկյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղեցիկը և այլն)։

Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» և Երևանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, ինչպես` «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ»։

1979–84 թթ-ին եղել է Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–95 թթ-ին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ:

1985–88 թթ-ին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–95 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

Թատրոնում նրա խաղացած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»):

Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն:
Խորեն Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զըսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Հայտնի էր նաև որպես ասմունքող:
Խորեն Աբրահամյանը վախճանվել է 2004թ.դեկտեմբերի 10-ին Երևանում:

Սակայն մարդկանց հիշողության ու տպավորությունների մեջ նա հաստատվել է որպես «Առաջին սիրո երգ»-ի Արսենը, «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի Պավլեն, «Սարոյան եղբայրներ»-ի Գևորգը և էլի մի շարք կերպարներ, որոնք մեկընդմիշտ փաստեցին Խորեն Աբրահամյան դերասանի տաղանդը: Գևորգի դերի համար նա արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի: