Կայացավ «Արտազի երեք վանքերը» գրքի շնորհանդեսը
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողներին ներկայացրեց վերջերս լույս տեսած «Արտազի երեք վանքերը» գիրքը։
Այն ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում հայտնված Մեծ Հայքի երեք ամենահայտնի վանքերը՝ Թադեոս Առաքյան, Մաղարթավանք կամ Ստեփանոս Նախավկա և Ծործորի Սուրբ Աստվածածին:
Գրքի հեղինակը հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր նախագահ ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանն է:
Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք ընդամենը որոշ լրացումներ են արել գրքում:
«Զուտ ճարտարապետական բոլոր ուսումնասիրությունները պատկանում են Արմեն Հախնազարյանին: Մենք միայն գրքում զետեղել ենք վանքերի որմերի վրա դարերի ընթացքում փորագրված գրությունները և դրանք վերծանել գրքում: 700-ից ավելի վերծանումներ կան:
Գրքում զետեղված է նաև գրությունների լուսանկարները»,- ասաց նա:
Սամվել Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ գրքում տեղ են գտել ճարտարապետական մանրամասն չափագրումներ: Գիրքը հագեցած է լուսանկարներով, ինչպես նաև քարտեզներով, որպեսզի ընթերցողը շատ լավ պատկերացնի, թե որտեղ են գտնվում այդ վանքերը:
Հարցին, թե բացի այս եկեղեցիներից ևս քանիսը կան Իրանի տարածքում, Սամվել Կարապետյանը պատասխանեց.
«Իրանում կան 400-ից ավելի եկեղեցիներ: Բայց հայտնի չէ, թե քանի հայկական հուշարձան կա, որովհետև ոչ մի հաշվառում արված չէ»,- ասաց նա և ավելացրեց, որ չնայած դրան, Իրանում հուշարձանների պահպանության նկատմամբ հօգատարություն կա:
Գիրքը տպագրվել է 700 օրինակով:










