6/18 տեղամասում առավոտից որևէ խախտում չի արձանագրվել
Թիվ 6 ընտրատարածքի՝ Լևոն Միրիջանյանի անվան դպրոցում գտնվող 6/18 տեղամասում, առավոտվանից խաղաղ է և որևէ խախտում չի արձանագրվել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին տեղամասում գտնվող «Ժառանգություն» և Հայաստանի դեմոկրատական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վստահված անձինք:
«Նորմալ են ընթանում ընտրությունները, համենայնդեպս, ոչ մի խախտում չեմ տեսել»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Արմեն Իսահակյանը:
Հարցին, եղե՞լ են, արդյոք, կուտակումներ, վստահված անձը դրական պատասխանեց, բայց միևնույն ժամանակ նշեց՝ դա միտումնավոր չի եղել.
«Կուտակում մի պահ է եղել, ուղղակի շատ լցվեց ժողովուրդը, դրա համար եղավ, ինչ- որ արհեստականորեն սարքած բան չէր»:
ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանի վստահված անձը` Արմեն Սահակյանը, ևս փաստեց այս մասին: «Նորմալ են ընթանում, առանց միջադեպերի, ուշադիր ենք եղել, բայց ոչ մի խախտում չենք նկատել: Մի պահ ժողովուրդը ակտիվացավ, կուտակում եղավ, ընտրական հանձնաժողովի նախագահը դիմեց ոստիկաններին, որ դադարեցնեն ժողովրդի հոսքը, որ 15 հոգուց ավել չգտնվեն տեղամասում: Դա միջադեպ չեմ համարում»,- ասաց Սահակյանը:
Ընտրությունների նորմալ ընթացքի մասին հաստատեց նաև Դեմոկրատական կուսակցության վստահված անձը` Գառնիկ Դավթյանը:
Հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Շահինյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 16:10-ի դրությամբ տեղամասում քվեարկել են 672 ընտրող: Ընտրողների մասնակցության ակտիվությունը, նրա խոսքով, նկատվել է ժամը 12:00-ից 14:00-ին:
Տեղեկացնենք, որ այս տեղամասում ընտրողների թիվը 1469 է:
Հիշեցնենք, որ թիվ 6 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու են առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Վասանավի» ՍՊԸ տնօրեն Վահան Կարապետյանը, ՀՀԿ անդամ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը և անկուսակցական Ավետ Պողոսյանը:









