Այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե շինությունը

13:05 • 06.05.12

Ռուսաստանի Արխանգելսկի մարզում գտնվող աշխարհի ամենաբարձր փայտե շինությունն այրվել է, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայության կայքէջը:

 

Փրկարարների տեղեկության համաձայն` հրդեհը բռնկվել է գործարար Նիկոլայ Սուտյագինին պատկանող շինության հարևանությամբ գտնվող բաղնիքում և ուժեղ քամու պատճառով տարածվել ու բոցերի մեջ առել նաև շինությունը: Տանտերն այդ ժամանակ իր «փայտե դղյակում» է գտնվել, սակայն հասցրել է դուրս պրծնել այրվող շենքից:


20 տարի առաջ կառուցված տունը, ապահովագրված չի եղել: Տանտերը դա բացատրել է այն հանգամանքով, որ այն դեռ կառուցվում էր:

 

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` «փայտե երկնաքերի» բարձրությունը սկզբում եղել է 38 մ, այն ունեցել է 13 հարկ: Սակայն 2008-ի հուլիսին դատարանը վճռել է, որ շենքն ապօրինի է կառուցված, ինչից հետո 13 հարկից մնացել է ընդամենը 4 –ը: