Հայաստանում ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը (տեսանյութ)

20:00 • 06.05.12

Հայաստանում ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: Ժամը 20.00-ին, օրենքով նախատեսված կարգով փակվեցին 41 ընտրատարածքաների 1982 ընտրատարածքները: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վերջին տվյալների` ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 1 մլն 300 հազար 117 ՀՀ քաղաքացիներ, կամ ընտրողների 50. 54%-ը:

 

Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում: Ապագա խորհրդարանում հայտնվելու համար համամասնական ընտրակարգով պայքարում են 9 քաղաքական ուժեր` 8 կուսակցություն և մեկ դաշինք, որոնք են` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), ինչպես նաև «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով կպայքարեն պատգամավորի 138 թեկնածուներ` առաջադրված հանրապետության 41 ընտրատարածքներում:

 

Ազգային ժողովի ընտրություններին հետևել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ: Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն անցկացրեցին 54 կազմակերպություններ` ընդհանուր թվով 31451 դիտորդ: Միջազգային կազմակերպություններից հայաստանյան ընտրություններին հետևել են նաև շուրջ 647 միջազգային դիտորդներ` 11 միջազգային կազմակերպություններից:

 

Ըստ ԿԸՀ կանոնակարգի մայիսի 7-ին ժամը 00։00-ից սկսած կսկսվեն հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։ Մինչ այդ, ժամը 20.30-ին էքզիթ փոլի (exit poll) նախնական արդյունքներով հանդես կգա Gallup International Association ընկերությունը։