Օբաման սկսել է նախընտրական քարոզարշավը

10:27 • 06.05.12

Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավը, հայտնում է Guardian-ը: Քարոզարշավի մեկնարկը նա տվել է Օհայո նահանգում` ուսանողների ու իր կողմնակիցների առաջ ելույթով:

 

Սպասվում է, որ այս քարոզարշավի ժամանակ գործող նախագահը կկենտրոնանա ԱՄՆ տնտեսական խնդիրների վրա` գործազրկություն, բյուջեի դեֆիցիտ և այլն: Առաջին սևամորթ նախագահի քարոզարշավի կարգախոսն է «Առաջ»: 2008թ.-ին նրա քարոզարշավի կարգախոսն էր «Հույս և բարեփոխումներ»:


Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ծաղրել է իր մրցակցի կարգախոսը` ««Առաջ», սա ի՞նչ է, առաջ` ո՞ւր, ժայռի՞ց»: Ամերիկացի քաղաքագետներին նույնպես այս կարգախոսը դուր չի եկել: Նրանց խոսքով` դեռ 160 տարի առաջ այս կարգախոսն օգտագործել են սոցիալիստներն ու կոմունիստները:

 

Օհայոյում Օբաման կոչ է արել ընտրել իրեն` երկրին հնարավորություն տալով լուծել տնտեսական խնդիրները: Նա ընդգծել է, որ իր մրցակիցը` Ռոմնին, ի վիճակի չէ ԱՄՆ-ին վերադարձնել ուժեղ տնտեսությունը:


«Պետք չէ նրան հնարավորություն տալ: Սրանք ոչ թե հերթական , այլ վճռորոշ ընտրություններ են, որը կորոշի մեր միջին դասի ապագան»,- ասել է Օբաման:


Գործող նախագահի հաջորդ ելույթը նախատեսված է Վիրջինիա նահանգում:

 

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերին: Նախագահի` Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն կորոշվի օգոստոսի վերջին կայանալիք կուսակցական համագումարում, թեև նահանգներում անցկացված փրայմերիզի արդյունքներով` առաջատարը Ռոմնին է: