Կանադայում 106 ուսանող է ձերբակալվել
Կանադայի Քվեբեկ քաղաքի երիտասարդությունը կրկին փողոց է դուրս եկել` իր դժգոհությունը հայտնելով վճարովի կրթության դեմ: Life news-ի հաղորդմամբ` երեկ ոստիկանության հետ բախման հետևանքով 9 մարդ, այդ թվում` 3 ոստիկան հոսպիտալացվել է, 106 երիտասարդ` ձերբակալվել:
Կանադացի ուսանողները բողոքի ցույց են անցկացրել Քվեբեկի իշխող Լիբերալ կուսակցության շենքի մոտ: Մինչև խոր գիշեր շարունակված բողոքի ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախման, որի ընթացքում ուսանողները քարեր ու դատարկ շշեր են նետել իրավապահների ուղղությամբ: Ի պատասխան, իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել: Բախման արդյունքում ուսանողներից մեկը կորցրել է տեսողությունը, մյուսը` ականջը:
Սա վերջին 4 ամսվա ամենաարյունալի ակցիան է: 4 ամիս է` ուսանողները փորձում են բողոքել իշխանությունների որոշման դեմ, համաձայն որի` տարեկան ուսման վարձը հասցվել է 1.625 դոլարի: Իշխանությունները նման քայլի են գնացել երկրի բյուջեն կարգավորելու նպատակով:









