Թիվ 7 ընտրատարածքի թեկնածու Տիգրան Գրիգորյանի վստահված անձը ընտրախախտումների ցուցակ է ներկայացնում

20:01 • 06.05.12

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանի վստահված անձ Ատոմ Մխիթարյանը առավոտից շրջելով շուրջ 10 տեղամասերով, եզրակացրել է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթանում են նորմալ, չհաշված մի քանի ընտրախախտումներ:


Tert.am-ի հետ զրույցում Ատոմ Մխիթարյանը նշեց, որ նկատել են մի քանի խախտումներ, որոնք ավելի շատ հանձնաժողովի չիմացության հետևանքով են տեղի ունեցել։


«Այսինքն՝ հանձնաժողովները պատրաստ չեն։ Օրինակ՝ քիչ առաջ մի տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձի հետ վիճաբանություն եղավ. լավ չեմ հիշում՝ 7/09 կամ 7/07 տեղամասերից մեկում էր: Մի ընտրող էլ երկրորդ անգամ էր եկել ընտրության, հետո հանձնաժողովի անդամներից մեկը տեսել էր, որ անձնագրում կնիք կա և հետ էր ուղարկել նրան:

Վստահված անձը պահանջում էր, որպեսզի արձանագրվեր դա, իսկ հանձնաժողովի անդամը ասում էր՝ քանի որ կանխվել է, չենք արձանագրի»,- ներկայացրեց Ատոմ Մխիթարյանը և նկատեց, որ, այդ իսկ պատճառով, կողմերի մեջ ծագել էր վիճաբանություն:


Խոսելով 7/26 ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակների մասին, Ատոմ Մխիթարյանը նկատում է.«Դրանցում բավական մարդ կար ընդգրկված: Ես նկատեցի, որ ըստ ցուցակի, մարդիկ եկել էին, բոլոր անձնագրային տվյալները լրացված էր, բայց ո՛չ հանձնաժողովի ստորագրությունը կար, ո՛չ էլ կնիքը: Երբ նախագահին հարցրեցի՝ ինչո՞ւ չկա, ասաց՝ չեն եկել այդ մարդիկ: Նորից հարցրեցի՝ էդ դեպքում ինչո՞ւ եք այդ անձնագրային տվյալները լրացրել, ասաց՝ «հա~, եկել են, բայց մոռացել ենք լրացնել»:


Այդ փաստը, որ ցուցակում ստորագրությունն առկա էր, բայց հանձնաժողովի կնիքը չկա, կամ ընդհակառակը, Ատոմ Մխիթարյանը, դա կանխամտածված խախտում չի համարում, այլ, ընդամենը, ԸՕ-ի չիմացության հետևանք:


Հարցին, թե Ատոմ Մխիթարյանն այդ շրջայցերի ընթացքում հետաքրքրվե՞լ էր, թե տեղամասերից դուրս ընտրակաշառքների բաժանման դեպքեր չի՞ նկատել. «Խմբված մարդիկ տեսել ենք, մոտեցել ենք, հասկանանք, թե ինչո՞ւ են այսպես հավաքվել, բայց պատասխան չենք ստացել»,-ասաց նա և հավելեց՝ մի տեղ էլ տեսել էր, որ միկրոավտոբուսով են գալիս ընտրության, բայց հաստատ ոչինչ չի կարող ասել:


Թեկնածու Տիգրան Գրիգորյանի վստահված անձը շարունակեց թվարկել արձանագրած խախտումները և նշեց, որ նկատել է, երբ մի հոգի քվեախցիկ է մտել և օգնել երկու կնոջ քվեարկել, որից հետո պարզաբանել է, թե մի դեպքում մորն է օգնում, մյուսում՝ սկեսրոջը:


Ատոմ Մխիթարյանը շարունակեց իր արձանագրած խախտումները, և նշեց, որ մի մարդ էլ եկել էր և պահանջում էր, որ իր հայրը հիվանդ է և շրջիկ քվեատուփ է խնդրում: «Նրան հանձնաժողովը մերժեց, ասելով, որ շրջիկ քվեատուփ չունեն նախատեսված»:


Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ հանձնաժողովների անդամները լավ պատրաստված չեն: