Շարժասալյակով հաշմանդամ քաղաքացին քվեարկել է դրսում (տեսանյութ)
Քիչ առաջ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող թիվ 12/07 ընտրական տեղամասում տեղի ունեցավ հետաքրքիր դեպք: Քաղաքացի Հովհաննես Հովհաննիսյանը, ով ընտրատեղամաս էր եկել շարժասայլակով, ստիպված էր իր քաղաքացիական պարտքը կատարել ընտրատեղամասից դուրս։
Հովհաննես Հովհաննիսյանը չէր կարող բարձրանալ ընտրական տեղամաս (թեքահարթակի բացակայության պատճառով), և ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վանիկ Ալեքսանյանն անձամբ քվեաթերթիկն իջեցրեց ներքև, որտեղ քաղաքացին կատարեց իր ընտրությունը:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 30.06.2011թ N 19-ն որոշման համաձայն, եթե ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքի մոտ է գտնվում շարժասալյակով տեղափոխվող ընտրող, այդ մասին հայտարարում է ընտրական հանձնաժողովի անդամներին, մոտենում է շարժսալյակով ընտրողին և նրան բացատրում ընտրության համապատասխան կարգը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրողի փոխարեն ստանում է քվեաթերթիկ և քվեարկության ծրար, ապա ընտրատեղամասի շենքի մոտ սպասող ընտրողին հանձնում է ծրարն ու քվեաթերթիկը, և վերջինս այնտեղ կատարում է իր ընտրությունը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի ունենացան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում էլ կձևավորվի ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես նաև ընտրություններից հետո մեծամասնություն կազմած քաղաքական ուժը կամ ուժերը կկազմեն կառավարություն:









