Ֆրանսիայում մեկնարկում է նախագահական ընտրությունների վճռորոշ փուլը
Ֆրանսիայում այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ` վճռորոշ փուլը, որի հաղթողը 1995թ.-ից ի վեր (սոցիալիստ Ֆրանսուա Միտերանի նախագահման երկրորդ ժամկետից ի վեր) առաջին անգամ կարող է դառնալ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը, հայտնում է BBC-ն:
Ապրիլի 22-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում 28,6% քվեով առաջատարը սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն էր, ով առաջ էր անցել նախագահ վերընտրվել ցանկացող և ձայների 27%-ը ստացած Նիկոլա Սարկոզիից:
Ներկա նախընտրական շրջանի հիմնական թեմաներն աճող գործազրկությունն ու եվրոյի ճգնաժամն են: Ընտրարշավի ընթացքում Սարկոզին հայտարարել էր, որ նա վերացրել է ռեցեսիան, և իր ընտրվելու դեպքում` խոստացել պահպանել «ուժեղ Ֆրանսիան»: Միևնույն ժամանակ Օլանդը վստահեցրել է, որ երկիրը գտնվում է «լրջագույն ճգնաժամի» մեջ և փոփոխությունների կարիք է զգում:
Ֆրանսիայում բոլոր ընտրատեղամասերը կբացվեն Ֆրանսիայի ժամանակով ժամը 8.00-ին ու կփակվեն 18.00-ին: Մեծ քաղաքներում տեղամասերը կփակվեն 2 ժամ ուշ:
Չորեքշաբթի մրցակիցները հեռուստաբանավեճ են անցկացրել, որը դիտել է 17.9 մլն մարդ: Առաջին փուլում 6.4 մլն ընտրողի ձայն ստացած թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2-րդ փուլում դատարկ քվեաթերթիկ կնետի արկղը, սակայն կոչ է արել իր կողմնակիցներին «իրենց խղճին համապատասխան քվեարկել»: Միևնույն ժամանակ, հինգշաբթի նա հայտարարել է, որ ընտրություններն արդեն ավարտված են, քանի որ Սարկոզին «վաղուց պարտվել է»:
Նախագահական ընտրություններին հունիսին կհաջորդեն խորհրդարանական ընտրությունները:









