Բուզանդի փողոցում հրդեհվել է սեփական տուն, հրդեհը մարելուց հետո տան մեջ հայտնաբերվել է տանտիրոջ դին (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 6-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանի Բուզանդի 30 հասցեում գտնվող սեփական տանը։ Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման օպերատիվ խմբերը՝ 4 մարտական հաշվարկով՝ Փրկարար ուժերի վարչության պետ, գեներալ–մայոր Վաչագան Նիկողոսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ հրդեհի մարմանը մասնակցել են նաև քաղաքացիները։
Այս պահին հրդեհված տան ներսում հայտնաբերվել է մեկ հոգի՝ ածխացած վիճակում։
Դեպքի վայր են ժամանել նաև 1-03 շտապօգնության ծառայության 05 բրիգադի աշխատակիցները։
Հարևանների պատմելով՝ հավանական է, որ հրդեհված տանը եղած լինի 1-ից ավել մարդ։
Կրակը մարելուց հետո տան մեջ հայտնաբերվել է 75-ամյա Բաբկեն Մանյավազյանի ածխացած դին։ Ժամանել են Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի









