Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Հունաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:
Սպասվում է, որ կոալիցիա կազմած 2 հիմնական քաղաքական ուժերը` ձախակենտրոն ՊԱՍՕԿ-ն ու աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն»-ը, կզրկվեն ձայների զգալի մասից` երկրում պետական ծախսերը կրճատելուն ուղղված միջոցառումների պատճառով: Նրանց ձայներն այս անգամ կարող են բաժին հասնել փոքր կուսակցություններին` կոմունիստներին կամ ծայրահեղ աջակողմյան «Ոսկյա լուսաբաց» կուսակցությանը, հայտնում է BBC-ն:
Ի դեպ, նոր կառավարության համար «եռյակի»` Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած ֆինանսական միջոցներից օգտվելու համար կարևոր պայման կլինի պետական ծախսերի կրճատման քաղաքականության շարունակությունը:
«Եթե նոր կառավարությունը որոշի հրաժարվել ֆիսկալ պարտավորություններից, ապա Աթենքը պատասխանատվություն կկրի դրա համար»,- զգուշացրել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:
Ներկա ծրագրի համաձայն` Հունաստանը պետք է կրճատի իր ծախսերը 11 մլրդ եվրոյով: Շատ հույներ կարծում են, որ Եվրամիության ճնշումը կարող է թուլանալ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթելու դեպքում, ով վատատեսորեն է արտահայտվել պետծախսերի կրճատման քաղաքականության մասին, հայտնում է BBC-ն:
Սպասվում է, որ քաղաքական ուժերից և ոչ մեկին այս ընտրություններում չի հաջողվի ստանալ տեղերի մեծամասնությունը` այն դեպքում, երբ Հունաստանի ներկայությունը եվրագոտում հարցականի տակ է:









