Մի կին ընտրողների խմբեր է բերում ընտրատեղամաս. «Ժառանգություն»

15:44 • 06.05.12

«Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Վարդուհի Օհանյանը ընտրախախտում է արձանագրել 6/12 ընտրատեղամասում (Երևան, Աջափնյակ, թիվ 102 դպրոց, Ֆուչիկի 2 նրբ, 11), այս մասին Tert.am-ին տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբից:

 

Նա ականատես է եղել, թե ինչպես է մի կին ընտրողների խմբեր բերում տեղամաս և շարունակում մնալ ընտրատեղամասի տարածքում, չնայած իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել է:

Վարդուհի Օհանյանը հավաստիացրեց, որ այդ կինն իր ներկայությամբ ահաբեկել է ընտրողներից մեկին, որն այդ պահին քվեախցիկում է գտնվել:

 

«Ժառանգության» վստահված անձը արձանագրել է տվյալ դեպքը, բայց հանձնաժողովի նախագահը, որը ներկայացնում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, հրաժարվել է գրանցամատյանում գրանցել այդ փաստը:

 

Նշենք նաև, որ ըստ «Ժառանգության» վստահված անձի հավաստիացման՝ 6/12 ընտրատեղամասում ներկա չեն եղել նաև ոստիկանության աշխատակիցներ:

«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբն այս փաստի առթիվ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն: