DDOS հարձակման է ենթարկվել ընտրախախտումների մասին ահազանգող iditord.org կայքը
Այսօր ժամը 15.40 –ի սահմաններում հակերային DDOS հարձակման է ենթարկվել iditord. org կայքը, որն այսօր ողջ օրը՝ «Ահազանգերի քարտեզ» խորագրի ներքո, հաղորդում էր ՀՀ ընտրատարածքներում ընտրական օրենսդրության տարաբնույթ խախտումների մասին:
Կայքի հակերային հարձակման ենթարկվելու մասին Tert.am –ին հայտնեց կամավոր Հայկազ Ավետիսյանը՝ տեղեկացնելով, թե հույս ունեն, որ օրվա ընթացքում կվերականգնեն Iditord. org-ի աշխատանքը:
Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ iditord. org-ի նախագահ Սամվել Մարտիրոսյանը լրագրողներին հիշեցնելով ռուսաստանյան ընտրությունների նախադեպը, երբ քվեարկության օրը շատ ընդդիմադիր կայքեր շարքից հանված էին, նշել էր, որ DDOS հարձակման ենթարկվելու դեպքում պատվիրատուին պետք է փնտրել միայն՝ «ում է ձեռնտու» հարցի շրջանակներում, իսկ տեխնիկապես դա անհնար է:
Հարցին, թե կասկածո՞ւմ են որևէ քաղաքական ուժի կամ անձի, որը կնախաձեռներ հարձակումը, կամավորը դժվարացավ պատասխանել:









