Հայաստանի խորհրդարանական ընտրությունները` օտարերկրյա լրատվամիջոցների աչքերով
Օտարերկրյա լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանում այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրություններին: Մասնավորապես` BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին: Հաղորդվում է քվեաթերթիկների լցոնման, կրկնակի քվեարկության ու ընտրողներին գումար բաժանելու դեպքերի մասին:
«Այս ընտրություններում քվեարկությանը մասնակցած ընտրողների անձնագրերում որոշում էր ընդունվել դնել ժամանակավոր դրոշմակնիքներ, որոնք, ենթադրվում էր, պետք է ցնդեին 12 ժամվա ընթացքում: Սակայն տեղեկություններ են ստացվում, որ դրանք առավել շուտ են ցնդում, ինչն էլ ընտրողներին կրկին քվեարկելու հնարավորություն է ընձեռում: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի արձագանքում խախտումների մասին լուրերին», - գրում է BBC-ն:
Dni.ru-ի համաձայն` Հայաստանի ընդդիմությունը հայտնել է իր ներկայացուցիչների` ընտրատեղամասերում ծեծի ենթարկվելու դեպքերի մասին: Ցուցակներում հայտնաբերվելեն նաև մահացած անձանց անուններ, ինչը հաստատում է ՀՀ ոստիկանությունը:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն էլ, վկայակոչելով դիտորդների, հայտնում է, որ այս ընտրություններում ֆավորիտ են իշխող Հանրապետական կուսակցությունն ու ընդդիմադիր «Հայ ագային կոնգրես» դաշինքը:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Կոմունիստական, Դեմոկրատական կուսակցությունները, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Միավորված հայեր»-ն ու «Հայ ազգային կոնգրես» դաշինքը:









