Միասնական շտաբը կորոշի հետագա անելիքը՝ լիարժեք պատկեր ունենալուց հետո

23:49 • 06.05.12

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը քիչ առաջ հրապարակեց երրորդ հայտարարությունը, որում անդրադարձ է արվում ընտրախախտումներին:


Հայտարարության մեջ ասված է.«Քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների հանրային վերահսկողության շտաբը հրապարակել է երկու հայտարարություն, որոնցում նշվել է ընտրական գործընթացի բազմաթիվ ընտրախախտումներ: Ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ»:


Հիշեցնենք, որ միասնական շտաբն ավելի վաղ հրապարակել էր հայտարարություն, որում նշվել էր ընտրական գործընթացի բազմաթիվ օրինախախտումներ:


Հայտարարությունում նաև ասվում է, որ «միասնական շտաբն անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ»:


Հիշեցնենք, որ միասնական շտաբի նիստին էին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը:


ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախընտրական շտաբ իր հաշվարկները կկատարի բոլոր ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա.«Այս պահին բոլոր շտաբերը հենց այդ գործընթացի մեջ են»,- ասաց նա։


Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ այս հայտարարությունը նախնական է և մյուս քայլերը, հայտարարությունները և գնահատականները կտան, երբ որ կունենան ավելի լիարժեք պատկեր:

«Մենք դեռ չենք ստացել բոլոր շտաբերից ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր: Միասնական շտաբը կքննարկի ստացված ինֆորմացիան, կհամադրի տվյալները և միասին կորոշենք, թե ինչ քայլեր ենք նախատեսում հետագայի համար»,- ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն ու ավելացրեց, որ քիչ հետո կորոշեն, թե ե՞րբ գումարել շտաբի հերթական նիստը: