«Դու հանգիստ վեր ընգի տեղդ, դու չպիտի որոշես, թե ես ինչ անեմ». Կարբի գյուղապետն ասել է հանձնաժողովի նախագահին
Արագածոտնի մարզի Կարբի համայնքում, թիվ 14/14 ընտրական տեղամասում, տեղի է ունեցել միջադեպ: Ինչպես Tert.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, 14/14 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Եպրաքսյա Մաթևոսյանը, ընտրատեղամաս է եկել Կարբի համայնքի ղեկավար Ֆրունզե Նազարեթյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կրծքանշանով այժմ գտնվում է ընտրական տեղամասում և կատարում վստահված անձի պարտականություն:
«Գյուղապետը եկել է որպես վստահված անձ, «Հանրապետականի» նշանը (նկատի ունի կրծքանշանը) վրան, ես խնդրեցի, որ նշանը հանի, քանի որ ագիտացիա է անում: Ինքն ինձ ասաց, դու հանգիստ վեր ընգի տեղդ, դու չպիտի որոշես, թե ես ինչ անեմ: Չեմ հանելու, ինչ ուզում ես գրի»,- պատմեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 14/14 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Եպրաքսյա Մաթևոսյանը:
Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ ինքը Կարբի գյուղում տեղի ունեցածի կապակցությամբ զանգահարել է ՀՀ գլխավոր դատախազություն և դատախազ Կորյուն Փիլոյանին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին:
«09:45–ին զանգահարել եմ դատախազություն, ինձ պատասխանել է դատախազ Կորյուն Փիլոյանը, իրեն տեղյակ եմ պահել, որ Կարբի գյուղի գյուղապետը խոչընդոտում է մեր հանձնաժողովի նախագահի աշխատանքները: Քիչ առաջ Կորյուն Փիլոյանը զանգահարեց, և ասաց, որ Կարբի գյուղի գյուղապետը վստահված անձ է, և նշեց, որ գյուղապետը այդպիսի բաներ չի արել, ասաց, որ իբր, մեր նախագահը սխալ տեղեկություն է հաղորդել: Ես էլ ասացի, որ այլևս չեմ դիմի դատախազություն, ես չեմ վստահում՝ այլևս: Փոխանակ կարգի հրավիրեն գյուղապետին, ասում են, որ սխալ ենք անում»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Թիվ 14 ընտրատարածքում, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ են առաջադրվել «Տիգրան Մեծ հրատարակչության» տնօրեն Վրեժ Մարկոսյանը՝ ՀՀԿ-ից, Բազմասեր Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, և անկուսակցական Ռազմիկ Պետրոսյանը, ում սատարում է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում են 9 քաղաքական ուժեր՝ համամասնական ընտրակարգով, ինչպես նաև 143 անհատներ՝ մեծամասնական ընտրակարգով: Այսօրվա ընտրություններին քվեարկելու իրավուն ունեն 2 միլիոն 484 հազար 3 ՀՀ քաղաքացիներ:









