Կենտրոնի թիվ 9/17 ընտրատեղամասում ՀՀԿ-ն քվեարկողների է բերում. վստահված անձ
Երևանի Կենտրոն վարչական շրջանն ընդգրկող (հիմնականում՝ Մաշտոցի պողոտա, Սարյան, Բաղրամյան, Պուշկին փողոցներ) թիվ 9/17 ընտրատարածքում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի վստահված անձ Լուսիկ Հակոբյանն ահազանգում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն առավոտ կանուխ ընտրատեղամաս են բերել բազմաթիվ քվեարկողների, ինչի պատճառով անգամ ընտրատեղամասում հերթեր են գոյացել։
Ինչպես Tert.am –ի հետ զրույցում թիվ 9/17 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Հրաչյա Մարգարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, մինչ այդ պահը որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
Թիվ 9/17 ընտրատարածքում առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ քաղաքացիական իր պարտքն էր կատարել 220 մարդ՝ ընտրատեղամասի 1756 ընտրողներից:
Թիվ 9/23 (Գրողների միության վարչություն, Բաղրամյան 3, Երևան, Կենտրոն) ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրկված է 1615 ընտրող, գումարած ընտրողների քվեարկության լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 37–ը:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Գևորգ Ասլանյանը Tert.am–ի թղթակցին չի հայտնել, թե մինչ այդ պահը քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը՝ նշելով, որ այս մասին կիմանա մի քանի ժամից:
Այստեղ ևս մեր թղթակիցն ականատես է եղել ընտրողների մեծ հերթերի:
Նշենք, որ ընտրական օրենսդրության համաձայն ՝ ընտրատեղամասում 15 ընտրողից ավելի միաժամանակյա ներկայությունն արգելվում է:









