Մինչև այս պահը էական որևէ բան չեմ տեսել, չեմ կարդացել. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

14:40 • 06.05.12

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը թիվ 10 ընտրատարածքի 10/07 ընտրատեղամասում (Երևան, Կենտրոն) իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ընտրությունների ընթացքի, հնարավոր խախտումների մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ դեռ էական խախտումներ չեն արձանագրել։
«Մինչև այս պահը էական որևէ բան չեմ տեսել, կամ չեմ կարդացել, շտաբերից չեմ տեղեկացվել: Հուսով եմ, որ այն ընթացքը, որ այս պահին գոյություն ունի, Աստված տա, այդպես էլ ավարտվի ընտրությունները, և որևիցե մեկը շահարկման առիթ չունենա»:


Tert.am-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդգար Աբրահամյանը ևս վստահեցրեց, որ ոչ մի միջադեպ, ընտրությունների ընթացքում, չի գրանցվել:


Նույնը հավաստիացրեց նաև «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Անի Ավետիսյանը:
Սակայն ընտրատեղամասում, մեր գտնվելու պահին, ընտրողներից մեկը՝ Ստեփան Հայրապետյանը, դժգոհեց, որ Հայաստանից դուրս գտնվող իր որդու անունը ևս առկա է ընտրացուցակում:
«Արդեն 6 տարի է նա Հայաստանում չի գտնվում: Ամեն անգամ նախապես զգուշացնում եմ, որ անունը ցուցակից հանեն, բայց ոչ մի տարի չի հանվել»,- ասաց նա:


Այս ընտրատեղամասում գրանցված են 1920 ընտրող, որոնցից 260-ն արդեն ժամը 12:00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարել էին: