Ընտրել եմ հանուն լավ Հայաստանի. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ, լուսանկարներ)

13:27 • 06.05.12

Երևանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում քիչ առաջ իր քվեարկությունը կատարեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա քվեարկության էր եկել կնոջ, հարսի և երկու թոռների հետ: Քվեարկելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «ընտրել է հանուն լավ Հայաստանի»:


Ընտրություններում ՀԱԿ-ի հնարավոր շանսերի մասին հրաժարվեց խոսել, քանի որ ըստ ՀԱԿ առաջնորդի, դա կդիտվի որպես քարոզչություն:


Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ինքը ցանկացած արդյունքի հետ կհամաձայնի, եթե նորմալ անցնեն ընտրությունները: Իսկ կեղծիքների մասին ՀՀ առաջին նախագահը դեռևս տեղեկություն չուներ. «Նոր պետք է գնամ ՀԱԿ շտաբ, այնուհետև կլինեմ միասնական շտաբում»։


Հարցին, թե ինչպե՞ս է իր առողջական վիճակը, ՀԱԿ առաջնորդը պատասխանեց. «Փայլուն, փայլուն է իմ առողջական վիճակը»,-ասաց նա:


Հանձնաժողովի նախագահ Մարիամ Հարությունյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ Երևանի 9/11 ընտրատեղամասն ունի 1258 ընտրող, գումարած 58, որոնք ստացիոնար բուժման են և պետք է քվեարկությանը մասնակցեն շրջիկ արկղերի միջոցով:


Մարիամ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել, թե այս պահին վերջին տվյալներով, քանի՞ մարդ է մասնակցել ընտրությանը, միայն նշեց, որ տեղամասի բացվելուց հետո մինչև ժամը 11: 00-ն քվեարկել էին 153 ընտրող: Նա նաև նշեց, որ իրենք տվյալները հայտնում են յուրաքանչյուր երեք ժամը մեկ: