Իրանական բանտից` ամերիկյան խորան. ազատ արձակված զույգն ամուսնացել է հայրենիքում

12:24 • 06.05.12

Երեք տարի առաջ Իրանում լրտեսության մեղադրանքով ազատազրկման դատապարտված ամերիկացի զույգը հայրենիք վերադառնալուց հետո ամուսնացել է, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Զույգի ընկերը պատմել է, որ Սառա Շուրդի ու Շեյն Բաուերի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայում:

 

Բաուերը Շուրդին ամուսնության առաջարկ էր արել, երբ նրանք դեռ բանտում էին: Այդ ժամանակ նա ամուսնական մատանիներ էր պատրաստել իր վերնաշապիկի կտորից:

 

Իրանի իշխանությունները զույգին և ևս մեկ ամերիկացու` Ջոշ Ֆատալին, ձերբակալել էին 2009-ին` Իրաքից ապօրինի կերպով երկիր մուտք գործելու համար: Շուրդն ազատ էր արձակվել 14 ամիս անց ու կես մլն դոլար տուգանք վճարելուց հետո, իսկ Բաուերն ու Ֆատալը` ևս 2 տարի անց:


Ամերիկացիները մինչև վերջ պնդել են, որ իրենք անմեղ են և լեռնագնացության էին մեկնել Իրաքի հյուսիս: Նրանց խոսքով` իրենք իրաքա-իրանյան սահմանին մոլորվել են և սխալմամբ հայտնվել Իրանում: