Թող ընտրակաշառք բաժանողներին փնտրեն այլ կուսակցությունների մեջ. Նաիրա Զոհրաբյան

20:15 • 06.05.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ առաջիկայում կհերքվի այն տեղեկատվությունը, որ Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում տեղակայված «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբերից մեկի պետը մի քաղաքացու ընտրակաշառք է տվել:
«Կհերքվի , քանի որ «Բարգավաճ Հայաստանը» ընտրակաշառք չի բաժանում»,– ասաց Զոհրաբյանը:


Ապա հավելեց. «Ինչ վերաբերում է կաշառք բաժանողներին, խորհուրդ եմ տալիս ընտրել այլ կուսակցությունների, ու վստահ եմ՝ երկար սպասելու կարիք չի լինի, շատ արագ կհայտնաբերվեն,թե ո՞ր կուսակցություններն են ընտրակաշառք բաժանում»,- ասաց ԲՀԿ քարոզչության պատասխանատուն:


Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ին հայտնել էր, որ Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում մեկ քաղաքացու հաղորդման հիման վրա ընտրակաշառքին վերաբերող նյութեր են նախապատրաստվում Հատուկ քննչական ծառայությունում:


Քաղաքացին, ում անունը չի հաղորդվում, բացատրություն է տվել այն մասին, որ իրեն ընտրակաշառք է տվել տվյալ տարածքի ԲՀԿ շտաբի պետը՝«քվեարկության օրը համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստանի», իսկ մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար»:


Իսկ ավելի վաղ, նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, լրագրող Գոհար Վեզիրյանն ահազանգել էր, որ Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում քաղաքացիներին 10.000-ական դրամ է բաժանվում ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի անունից: Գոհար Վեզիրյանը ահազանգը լսելուն պես մեկնել էր դեպքի վայր ու ականատես եղել տեսարանին՝ մարդիկ հերթի մեջ կանգնած սպասել են, որ «կալոդով» 5.000-ական դրամներ ձեռքին երիտասարդը իրենց փող բաժանի:


Թեկնածուին տեսնելով, երիտասարդը ձեռքի տետրը վերցրել ու բիլիարդանոցի հետնամուտքով փախել էր: