Գեղարքունիքում ծեծում են ԲՀԿ վստահված անձանց և դիտորդներին. ԲՀԿ նախընտրական շտաբ
«Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում ծեծվել են ԲՀԿ մի շարք վստահված անձինք և դիտորդներ, իսկ թիվ 24, 25, 27 ընտրական տեղամասերից բռնի ուժով դուրս են բերվել ԲՀԿ վստահված անձինք, այս մասին Tert.am -ին հայտնեց ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:
«Լրագրողներին և միջազգային դիտորդներին օպերատիվ կերպով ուղղորդել ենք, որ, անպայման, լինեն այդ տեղամասերում, որովհետև հետևողականորեն և համառորեն մեր վստահված անձինք փորձում են մտնել ներս, նրանց ուղղակիորեն ահաբեկում են և հրում դուրս»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
ԲՀԿ նախընտրական շտաբից հաղորդում են նաև, որ Դավիթաշենի 5/14 ընտրական տեղամասում օգտագործվում է երկու տիպի թանաք՝ օքսիդացող և արդեն «հայտարարվածը՝ փոփոխված»:
Հիշեցնենք, որ այսօր ստացված բազմաթիվ ահազանգերից հետո, որ քվեարկողների անձնագրերի վրա խփված կնիքի թանաքը րոպեներ անց անհետանում է (ինչը բազմակի քվեարկությունների հնարավորություն է ստեղծում) , Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ ընտրական հանձնաժողովների հրահանգվել էր այլ թանաք խառնել ու խորհուրդ տվել՝ թանաքն օգտագործելուց առաջ նախ թափահարել:
«Օքսիդացող վարդագույնը՝ անհետացողը, օգտագործվում է յուրայինների անձնագրերի դեպքում, իսկ կապույտը, որը դեռևս հայտնի չէ, թե քանի ժամ կմնա, ըստ երևույթին, այն մարդկանց, ում չեն ճանաչում»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ նախընտրական շտաբն այս մասին տեղեկացրել է նաև ԿԸՀ և հույս ունի, որ արագ պատասխան կստանան նաև սրա վերաբերյալ:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ ԿԸՀ նախագահի խորհրդին հետևելով, մի շարք լրագրողներ կատարել են փորձարկում և պարզել, որ «և՛ թափահարված, և՛ չթափահարված թանաքը օքսիդանում է րոպեներ անց»:









