Ընտրակեղծիքները համատարած բնույթ են կրում. Նիկոլ Փաշինյան
Երևանի Մալաթիա-Սեբաստիա թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրակեղծիքները համատարած բնույթ են կրում, և իբրև ասվածի ապացույց նշեց՝ անձնագրերում շարունակվում է կնիքների թանաքների անհետացման խնդիրը:
«Թանաքը 20 րոպեից անհետանում է, չնայած այն հայտարարություններին, թե առավոտյան արդեն այդ խնդիրները լուծել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հավաստեց, որ, հատկապես, նկատելի են ընտրատեղամասից դուրս արձանագրված խախտումները:
«Թիվ 7/25 ընտրատեղամասի մոտ, երբ ավտոմեքենաների շուրջ մեծ թվով մարդիկ են խմբված՝ նկատել և դիմել են Ոստիկանություն, բայց մինչ վերջիններս ժամանել են՝ հավաքվածները ցրվել են»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ցուցակով կանգնած ընտրակաշառքներ են բաժանում:
«Խախտումների մասին արձանագրությունները Ոստիկանությունը չի գրանցում, որպեսզի ասեն, թե քանի որ չի գրանցվել, ուրեմն չի էլ եղել»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:









