6/17 ընտրատեղամասում խախտումներ չեն եղել, ասում են ԲՀԿ, ՀՀԿ, «Ժառանգության» վստահված անձինք
Այսօր թիվ 6 ընտրատարածքի 17 ընտրատեղամասում (Երևան, Աջափնյակ) որևէ խախտում չի գրանցվել, այս մասին Tert.am-ին հայտնեցին ընտրատեղամասի վստահված անձինք և դիտորդները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիտորդ Ստեփան Բրդոտյանը նշեց, որ առավոտյան 07:30-ից եղել է ընտրատեղամասում և մինչև 17:30-ը ոչ մի խախտում չի արձանագրվել: «Առայժմ քվեարկությունը նորմալ է ընթանում, ի՞նչ կլինի հետո՝ չեմ կարող ասել»,- նշեց դիտորդը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության դիտորդ Իշխան Սարգսյանը ևս փաստեց, որ տեղամասում ամեն ինչ խաղաղ ու առանց խախտումների է ընթացել:
Ընտրատարածքում առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հովսեփյանի վստահված անձը՝ Սահակ Ռոզիկյանը, ընտրության ընթացքը բնութագրեց «հոյակապ» բառով:
Տեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Բդոյանի խոսքով էլ՝ տեղամասում ընտրությունները շատ ակտիվ են եղել և միայն քիչ առաջ է հանդարտվել մարդկանց հոսքը:
Ժամը 17:30-ի դրությամբ, 6/17 ընտրատեղամասում 1602 ընտրողներից քվեարկել էին 910 ընտրող:
Հիշեցնենք, որ թիվ 6 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուներ են առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Վասանավի» ՍՊԸ տնօրեն Վահան Կարապետյանը, ՀՀԿ անդամ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը և անկուսակցական Ավետ Պողոսյանը:









